Չինական Yangtze Memory Technologies (YMTC) ընկերությունը երկրորդ եռամսյակում NAND հիշողության չիպերի մատակարարումների ծավալով աշխարհում զբաղեցրել է երրորդ տեղը՝ առաջ անցնելով ամերիկյան Micron-ից և ճապոնական Kioxia-ից, հաղորդում է CNBC-ն։ Շուկայի առաջատարները շարունակում են մնալ հարավկորեական Samsung-ը և SK hynix-ը։
Counterpoint Research-ի տվյալներով՝ YMTC-ի շուկայական մասնաբաժինը հասել է 14%-ի։ Փորձագետների գնահատմամբ՝ 15%-ը նվազագույն շեմն է, որը չիպեր արտադրողին հնարավորություն է տալիս սեփական միջոցներով ֆինանսավորել ապագա աճի համար անհրաժեշտ կապիտալ ծախսերը։ «Ակնկալվում է, որ YMTC-ն 2027 և 2028 թվականներին էլ ավելի կուժեղացնի իր դիրքերը։ Այդ տեսանկյունից այս եռամսյակում ընկերության կողմից երրորդ հորիզոնականը զբաղեցնելը զգալի նշանակություն ունի մրցակցային միջավայրում», – նշել է Counterpoint Research-ի տնօրեն Մ. Ս. Հվանը։ Չնայած մատակարարումների աճին՝ չինական արտադրողը դեռևս եկամուտներով զիջում է Micron-ին, քանի որ կենտրոնացած է սպառողական շուկայի, այլ ոչ թե տվյալների մշակման կենտրոնների վրա։
Ներկայումս YMTC-ն պատրաստվում է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխմանը (IPO) մայրցամաքային Չինաստանի ֆոնդային բորսայում՝ հետևելով վերջերս շուկայում դեբյուտ կատարած մեկ այլ չինական ընկերության՝ CXMT-ի օրինակին, որն արդեն զբաղեցնում է DRAM հիշողության շուկայի 7%-ը։ Առաջին եռամսյակում DRAM և NAND չիպերի համաշխարհային վաճառքները հասել են ռեկորդային մակարդակների՝ կազմելով համապատասխանաբար գրեթե 100 մլրդ դոլար և 46 մլրդ դոլար։ Արտադրական հզորություններն ընդլայնելու նպատակով SK hynix-ը չորս տարվա դադարից հետո վերսկսում է ներդրումները Չինաստանի Դալյան քաղաքում գտնվող իր գործարանում։