«Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիան Հայաստանի առջև սահմանները բացելու համար»,- ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այս հարցն ուղղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին, ով առաջադրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում։
Կարապետյանը մասնավորապես հարցրեց. «Արդյո՞ք նախապայմանների մեջ կա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի առաջ չքաշելը և կա՞ մեր ազգային խորհրդանիշներից, օրինակ, Զինանշանի կենտրոնում գտնվող Արարատ լեռը հանելը»։
Սարգիս Խանդանյանն ասաց, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, ինչպես հայտնի է ու բազմաթիվ անգամ հայտարարվել է, իրականանում է առանց նախապայմանների։
«Ձեր նշած հարցերը՝ ոչ, բանկացությունների որևէ փուլում Թուրքիայի ներկայացուցիչների կողմից նման պահանջ, նույնիսկ ակնկարկ երբևէ չի եղել»,- նշեց Խանդանյանը։
Կարապետյանն արձագանքեց. «Այսինքն, կարող ենք ֆիքսել, որ Արարատ լեռը, որպես մեր ազգային խորհրդանիշ, շարունակում է կատարել իր դերն առանց վտանգ ներկայացնելու Հայաստանի անվտանգությանը։
Երկրորդ՝ ցեղասպանության հարցն ու տարբեր երկրների կողմից ճանաչումը Հայաստանի արտաքին օրակարգերի առաջնահերթություն է»։
Խանդանյանն ասաց. «Ձեր հարցն ու դրա եզրահանգման տրամաբանությունն իրար լավ չէին բռնում, բայց ինչ վերաբերում է ցեղասպանության հարցի լինելը որպես մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություն, ոչ, Հայաստանի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ, այս մասին բազմաթիվ անգամ խոսել ենք»։