ՀՀ-ն կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մինչև բոլորովին վերջերս մենք խոսում էինք, որ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ: Հիմա մենք պիտի խոսենք այն մասին, որ Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները, իսկ ԱԲ գործարանները մեր պատկերացումներից անդին ծավալներով էլեկտրաէներգիա են սպառում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ կապված Հայաստան ադրբեջանցի մասնագետների գալու հետ, որոնք ուսումնասիրել են ՀՀ տարածքով էլեկտրահաղորդման գծի անցկացման հնարավորությունը։
«Այս պահի դրությամբ, բնականաբար, մեր մեծ իրադրության մեջ բան չի փոխվել, բայց այն պլանները, որ, մասնավորապես, ներդրողներն ունեն ՀՀ-ում ԱԲ ոլորտում նոր գործարաններ կառուցելու առումով, մեզ ստիպում են մտածել, որ մենք մեր էներգետիկ ռազմավարությունները պետք է նորից վերանայենք, որպեսզի այս նոր պայմաններին և ակնկալիքներին համապատասխան կարողություններ ունենանք: Բայց ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ մեր ռազմավարությունն էներգետիկ 100 տոկոսանոց անկախությունն է»,- ասաց նա՝ նկատելով, որ Հայաստանն ունի արևային և կուտակիչ կայանների զարգացման ռեսուրսներ:
«Բայց սա չի նշանակում, որ մենք էլեկտրաէներգիայի միջազգային առևտրից դուրս ենք մնալու: Երբեմն կարող ենք մենք արտահանել, երբեմն՝ ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն, գործակցություն, այդ թվում՝ էլեկտրաէներգիա արտահանելու և ներմուծելու մասով, ինչպես մնացած բոլոր երկրների հետ՝ Թուրիքայի հետ, ԻԻՀ-ի հետ, Վրաստանի հետ և այդպես շարունակ»,- ասաց նա: