Ճապոնիայի իշխանությունները կտրուկ քննադատել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Կուրիլյան կղզիներ։
«Հյուսիսային տարածքները, այդ թվում՝ Իտուրուպը, Ճապոնիայի տարածքի անբաժանելի մասն են կազմում՝ թե՛ պատմականորեն, թե՛ միջազգային իրավունքի համաձայն, և Ճապոնիայի կառավարությունը կտրականապես բողոքում է այս այցի դեմ»,- հայտարարել է արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին, փոխանցում է DW-ն։
Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինն այցելել է Իտուրուպ կղզի։ Նա եղել է Յասնի ձկան վերամշակման գործարանում, այցելել Կուրիլի կենտրոնական շրջանային հիվանդանոց և դպրոց, ինչպես նաև հանդիպել Սախալինի մարզի նահանգապետ Վալերի Լիմարենկոյի հետ։
Սա Պուտինի առաջին այցն էր Կուրիլյան կղզիներ, որոնք վիճարկվում են Ճապոնիայի կողմից։ Տոկիոն կղզեխումբը համարում է անօրինականորեն օկուպացված և անվանում «Հյուսիսային տարածքներ»։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԽՍՀՄ-ը բռնակցեց Հարավային Կուրիլյան կղզիները՝ Կունաշիրը, Շիկոտանը, Իտուրուպը, Հաբոմայը և մի խումբ փոքր անմարդաբնակ կղզիներ։ 1956 թվականին ԽՍՀՄ-ը խաղաղության հռչակագիր ստորագրեց Ճապոնիայի հետ՝ խոստանալով վերադարձնել Շիկոտանը և Հաբոմայը խաղաղության պայմանագրի կնքումից հետո։
Հաջորդ տարիներին ճապոնական իշխանությունները սկսեցին պնդել բոլոր չորս կղզիները միանգամից վերադարձնելու հարցում, ինչի արդյունքում խաղաղության պայմանագիր երբեք չստորագրվեց։ Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին 1956 թվականի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու իրենց պատրաստակամության մասին, բայց ընդգծեցին, որ Ռուսաստանի ինքնիշխանությունը Հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ բանակցելի չէ։
Այն բանից հետո, երբ Ճապոնիան միացավ Արևմուտքի կողմից Ուկրաինա ներխուժման դեմ սահմանված պատժամիջոցներին, Մոսկվան դուրս եկավ Տոկիոյի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններից։ Բացի այդ, Ռուսաստանը չեղարկեց Ճապոնիայի քաղաքացիների համար Կուրիլյան կղզիներ անվիզա մուտքը, դուրս եկավ կղզիներում տնտեսական գործունեության վերաբերյալ երկխոսությունից և Ճապոնիան ավելացրեց «անբարյացակամ» երկրների ցանկում։