ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան պաշտոնական այցին, պնդել է, թե ամերիկյան կողմը «սկզբնական 5 միլիարդ դոլար ներդրումներ» է անելու ՀՀ-ում, իսկ 2-րդ փուլում՝ 4 միլիարդ դոլարի:
Նման պնդում է արել նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի համատեղ հայտարարությունը։
Որքա՞ն է ներդրումների իրական ծավալը
Փետրվարի 9-ին Դի Վենսը, անդրադառնալով Հայաստանի հետ միջուկային ոլորտում գործարքներին, նշել էր, որ դա ենթադրում է «նախնական մինչև 5 միլիարդ դոլարի ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»։
Կարդացեք նաև՝ «Կառավարությունը չի խաբել այն էլ՝ միտումնավոր․ Նարեկ Կարապետյանի սխալ պնդումներն ու Վենսի խոսքի թարգմանությունը»։
Փաստացի, Դի Վենսը խոսել է ոչ թե 5 միլիարդ դոլարի ներդրման, այլ ամերիկյան արտահանման մասին, և միայն 4 միլիարդ դոլարն է ամերիկյան կողմը Հայաստանին տրամադրելու որպես աջակցություն։
Ավելի ուշ՝ փետրվարի 10-ին, Զվարթնոց օդանավակայանում հայաստանցի լրագրողների հետ զրույցում Վենսը, ի պատասխան ներդրումների վերաբերյալ առաջացած շփոթին, պարզաբանել է, որ ԱՄՆ-ն հայկական կողմի հետ աշխատում է այնպիսի նախագծերի ուղղությամբ, որոնք մեծ ներդրումային հոսք են ապահովելու Հայաստանի համար։
«Դրանցից [այդ նախագծերից] է խոշոր տվյալների կենտրոնը, որն արդեն սկսվել է, և որը կարող է աճել մինչև 4 միլիարդ դոլարի ներդրումների ՀՀ-ում․․․ 4 միլիարդն այն է, որը ես կարծում եմ, կարող է արժենալ նախագիծը․․․ Մենք ակնկալում ենք շարունակել դա [այդ ներդրումները]»,- ասել է Վենսը։
Այսպիսով, և՛ Տարոն Չախոյանի, և՛ Արամ Սարգսյանի պնդումները, թե ԱՄՆ-ն 9 միլիարդ դոլարի ներդրում է անելու Հայաստանում, սխալ են։ Իրականում, Վենսի հայտարարության համաձայն՝ խոսքը 4 միլիարդ դոլարի աջակցության մասին է, իսկ 5 միլիարդը վերաբերում է ամերիկյան կողմի արտահանման ծավալին։
Նանե Մանասյան
The post Տարոն Չախոյանն ու Արամ Սարգսյանը սխալվում են․ ԱՄՆ-ն ոչ թե 9, այլ 4 միլիարդի ներդրում է անելու ՀՀ-ում appeared first on FIP.AM.