Հայաստանի համար առավել կարևոր է ոչ թե 2025-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) արժեքի մեկ միավորով նվազումը, այլ առկա լճացումը։ Այս մասին փետրվարի 10-ին «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2025․ գնահատականներ, մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փորձագետ Վարուժան Հոկտանյանը։
Հայաստանի ԿԸՀ 2025-ի արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է մեկ միավորով՝ հասնելով 46-ի (0-ն՝ բացարձակապես կոռումպացված, 100-ը՝ բացարձակապես մաքուր սանդղակով)։
«Համաթիվը, հավանաբար, մնացել է նույնը։ Այս փոփոխությունը կարող ենք համարել չափման սխալի արդյունք, այլ ոչ թե հստակ միտում»,- նշեց փորձագետը։
Վարուժան Հոկտանյանը հիշեցրեց, որ 2023-2026-ի հակակոռուպցիոն ռազմավարությամբ որպես թիրախային ցուցանիշ նախատեսվում էր 55 միավորը (2018-ի 35 միավոր հիմքի դեպքում)։
«Անկումը որոշակի միտում է հուշում։ Հակակոռուպցիոն ռազմավարությունն այս տարի ավարտվում է, սակայն նախատեսված 55 միավորի տեմպը նույնիսկ 2018-2019-ին չի եղել։ Լճացումն ավելի մտահոգիչ է, քան մեկ միավորի նվազումը»,- ընդգծեց նա։
Միջազգային զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանին։ Ըստ Հոկտանյանի՝ արձանագրվել է, որ երկիրն ընդունել է ռազմավարություն և օրենքներ, սակայն հիմնական խնդիրը մնում է դրանց կիրարկումը (իմպլեմենտացիան)։
Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը նշեց, որ բիզնեսում ընկալում կա, թե առօրյա կաշառակերությունը նվազել է թվայնացման շնորհիվ, սակայն ավելի խոշոր գործարքներում, օրինակ՝ լիցենզավորման գործընթացներում, մասնավոր հատվածը դեռևս կոռուպցիոն երևույթներ է տեսնում։
Նա նաև ընդգծեց, որ թեև մեկ անձից գնումները նվազել են, սակայն կան ռիսկային գնումներ։ Այվազյանի խոսքով՝ մասնավոր հատվածն ավելի շատ անհանգստացած է Հայաստանում նեպոտիզմի դրսևորումներից (կողմնակալության ձև՝ հիմնված ծանոթությունների և ընտանեկան կապերի վրա)։
«Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանի դիտարկմամբ՝ պետական մարմինները գնալով ավելի են փակվում։
«Այն տեղեկատվությունը, որը պետք է լիներ հանրամատչելի ու հանրային, անգամ գրություններով չենք կարողանում ստանալ։ Օրինակ՝ պարգևավճարների մասով հարցումներ ենք ուղարկում, որևէ մի մարմին տեղեկատվություն չի տալիս՝ ասելով, որ սպասենք մայիսին, պաշտոնատար անձանց հայտարարագրերը կհրապարակվեն, ու կհասկանաք՝ որքան է կազմել անձի պարգևավճարը։ Սա ցույց է տալիս, որ պետական մարմինները փորձում են հնարավորինս քիչ տեղեկատվություն տալ և զսպել, որ այդ հոդվածները չհրապարակվեն»,- ասաց Բալասանյանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով քաղաքական կոռուպցիային, որպես պատասխանատվության օրինակ նշեց Էփշտեյնի սկանդալի ֆոնին նախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորи (Andrew Mountbatten-Windsor) հեռացումը թագավորական նստավայրից։ Նա նաև անդրադարձավ ընդդիմության վարքագծին։
«Մեր հիմնական խնդիրն անպատժելիությունն է։ Նոնսենս է, երբ ընդդիմության դիրքերից հանդես է գալիս մի ուժ, որը եղել է համակարգային կոռուպցիայի մաս։ Սա պայքար է կոռուպցիան վերականգնելու համար»,- հայտարարեց Սաքունցը։ Սաքունցը մտահոգություն հայտնեց պետական ծախսերի գաղտնիացման միտումների վերաբերյալ՝ շեշտելով քաղաքական կամքի բացակայությունը։
«Կիրակնօրյա պատարագների համար արդյոք նախատեսվա՞ծ են պետական միջոցներ։ Այո, պաշտոնյաները կարող են գնալ պատարագների, բայց ի՞նչ ռեսուրսներով են գնում, սեփական միջոցներո՞վ»,- ասաց իրավապաշտպանը։
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Եփրեմ Կարապետյանը հակադարձեց, որ կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են տարվում, և կառավարությունը գնում է խնդիրները բացահայտելու ու քաղաքացիական հասարակության հետ լուծումներ գտնելու ճանապարհով։
Գևորգ Թոսունյան
The post «Այս լճացումն ավելի մտահոգիչ է»․ Հայաստանի ԿԸՀ ցուցանիշը նվազել է մեկ միավորով appeared first on CIVILNET.