Շերամի փողոցում դի է հայտնաբերվել․ դեմքին եղել են արնանման հետքեր

Հասարակություն

Շերամի փողոցում դի է հայտնաբերվել․ դեմքին եղել են արնանման հետքեր

Այսօր՝ օգոստոսի 12-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գուսան Շերամի փողոց 28/7 հասցե, որտեղ դրսում փորձել են օգնություն ցուցաբերել վիրավոր տղամարդուն, սակայն պարզվել է, որ նա մահացած է, գրում է Shamshyan.com-ը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած տղամարդու դեմքին կան արնանման հետքեր, իսկ թե ինչ հանգամանքներում է տղամարդը մահացել, պարզում են։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը 40-ից 45 տարեկան է և անունն Արթուր է։ 

Leave a comment