«Վենսը «ներդրումներ» բառ չի ասել»․ Արթուր Խաչատրյան

«Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ՝ ոչ։ Այսինքն՝ ավելի լուրջ խոսակցություն է ունեցել Ալիևի հետ։ Ուստի կասկածներ ունեմ, որ Բաքվում Վենսն ավելի լուրջ հարցեր կքննարկի Ալիևի հետ, ինչը զարմանալի չէ, քանի որ հաղթած ղեկավարի հետ են լուրջ հարցեր քննարկում»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Անդրադառնալով այն հայտարարություններին, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի վենսի խոսքը սխալ է թարգմանվել, Արթուր Խաչատրյանը նշեց․ «Վենսը ներդրումներ բառ չի ասել։ Մեր որոշ հայրենակիցներ անտեղյակությունից վարդագույն օպտիմիզմով են համակվել, որ հեսա 9 միլիարդ դոլարի ներդրում կկարտարեն։ Խոսքն առևտրի մասին էր, և որ էներգետիկ բնագավառի 5 միլիարդ առևտրի պոտենցիալ կա, 4 միլիարդ էլ՝ վառելիքի գնման ու սպասարկման։ Բայց էս իշխանությունների թարգմանությունը՝ գոնե եթերում, գնացել է ներդրում բառով, բայց Վենսը ներդրում բառ չի օգտագործել»։

Արթուր Խաչատրյանն ընդունեց, որ 35 տարվա դիվանագիտական հարաբերությունների մեջ սա ամերիկյան ամենաբարձրաստիճան այցն էր Հայաստան, որը ցույց է տալիս, որ հայ-ամերիկյան հարաբերություններն արդեն 35 տարի կայուն աճ են արձանագրում, բայց ըստ նրա՝ այցից պետք էր ստանալ լավագույնը։ Այս առիթով նա նկատեց․ «Խաղաղություն չի կարող լինել, եթե զավթիչները քո տարածքում են։ Պետք էր խնդրել, որ ԱՄՆ-ն իր ազդեցությունն օգտագործի, որ մեր գերիներն ազատ արձակվեն, մյուսը Արցախի կրոնական, պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերն են, արցախցիների վերադարձի իրավունքը։ Ցանկացած ազգային իշխանություն այդ հարցերը բարձրացրած կլիներ»։ Հարցին՝ արդյոք փակ դռների հետևում չե՞ն խոսել, Արթուր Խաչատրյանը լավատես չէ․ «Վստահ եմ, որ՝ ոչ։ Կարող ես շատ բաներ խոսել, բայց այլ հարց է, թե ինչպես ես խոսում և ինչ բառապաշար ես օգտագործում»։

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաև ԱՄՆ փոխնախագահի այն հայտարարությունը, թե ՀՀ վարչապետն ունի իր աջակցությունը, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Ընտրություններով, երբ իշխանություն փոխվի, ԱՄՆ-ն, բոլոր երկրները կճանաչեն ընտրությունների արդյունքները՝ անկախ նրանից, թե ինչ են ասում ընտրություններից առաջ։ Այս իշխանություններն, ակնհայտ է, փորձել են Վենսի այցն օգտագործել ներքաղաքական նպատակներով՝ նաև նենգափոխելով իր խոսքը։ Օրինակ՝ մարդը չի ասել ներդրում, ասում են՝ 9 միլիարդի ներդրում»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment