Intel-ը բաժնետոմսերի ընդլայնված տեղաբաշխման միջոցով ներգրավել է 20 մլրդ դոլար՝ նպատակ ունենալով ֆինանսավորել պայմանագրային միկրոչիպերի արտադրության իր ծախսատար ընդլայնումը, հաղորդում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ համաշխարհային միկրոչիպերի շուկայում երբեմնի առաջատար Intel-ը շարունակում է ակտիվորեն ներդրումներ կատարել նոր արտադրական հզորությունների և չիպերի փաթեթավորման առաջատար տեխնոլոգիաների զարգացման մեջ՝ փորձելով մրցակցել պայմանագրային արտադրության ոլորտի առաջատարների, այդ թվում՝ TSMC-ի հետ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Intel-ը բաժնետոմսերի տեղաբաշխման գինը սահմանել է մեկ բաժնետոմսի դիմաց 95 դոլար, ինչը 2.6%-ով ցածր է նախորդ առևտրային օրվա փակման գնից։ Երկուշաբթի չիպարտադրող ընկերությունը հայտարարել էր, որ նախատեսում է տեղաբաշխման միջոցով ներգրավել 15 մլրդ դոլար։
Հոդվածում նշվում է, որ տարեսկզբից Intel-ի բաժնետոմսերի արժեքը գրեթե եռապատկվել է՝ գերազանցելով AMD-ի և Nvidia-ի ցուցանիշները, ինչպես նաև Ֆիլադելֆիայի կիսահաղորդիչների ինդեքսի գրեթե 75% աճը։ Reuters-ի հետ զրուցած մի շարք վերլուծաբաններ նշել են, որ Intel-ի բաժնետոմսերի կտրուկ թանկացումը մեծացրել է ընկերության ընդլայնման ծրագրերը ֆինանսավորելու համար լրացուցիչ սեփական կապիտալ ներգրավելու հավանականությունը։
«Intel-ը, որպես կապիտալատար բիզնես, որը մեծապես թուլացրել է սեփական հաշվեկշիռը և վատթարացրել զարգացման հեռանկարները՝ կենտրոնանալով ֆինանսական ինժեներիայի, այլ ոչ թե արտադրության վրա, այդ թվում՝ 2010-ականներին սեփական բաժնետոմսերի հետգնման համար ծախսելով 82 մլրդ դոլար, ունի բավարար հիմքեր նոր կապիտալ ներգրավելու համար, հատկապես այն բանից հետո, երբ անցյալ տարվա օգոստոսից նրա բաժնետոմսերի արժեքը հնգապատկվել է», — Reuters-ին ասել է AJ Bell-ի ներդրումային տնօրեն Ռաս Մոուլդը։
Հոդվածում նշվում է, որ արհեստական բանականության (AI) գործակալների (AI agents) կիրառման ընդլայնումը նպաստել է կենտրոնական պրոցեսորների (CPU) պահանջարկի աճին, որը գերազանցել է Intel-ի արտադրական հնարավորությունները։ Այդ պատճառով, ըստ Reuters-ի, հուլիսին ընկերությունը բարձրացրել է ընթացիկ տարվա կապիտալ ծախսերի կանխատեսումը՝ 18 մլրդ դոլարից հասցնելով 20 մլրդ դոլարի։