Օտարերկրացիները մաքսանենգ ճանապարհով 2,7 մլն դոլարի թմրամիջոցներ են ներմուծել ՀՀ

Բաժանորդագրվել

Նրանց բնակության հասցեում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են նախնական կշռմամբ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 193 մլն 445 հզր դրամ:

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՀՀ-ում բնակվող օտարազգի քաղաքացիները օժանդակել են մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներն ապօրինի ՀՀ տեղափոխելուն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Թմրամիջոցները ձեռք բերելուց հետո օտարազգի քաղաքացիներից մեկը փորձել է մաքսանենգությամբ ՀՀ-ից դեպի Գերմանիա ուղղությամբ՝ 2, Մեծ Բրիտանիա ուղղությամբ՝ 1 փաթեթ, ընդհանուր՝ 13.8 կգ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ էլեկտրական ռելեներ ուղարկել, սակայն ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից:

«Ձերբակալված Մ.Ք.-ն ՀՀ ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ մեկնել է իր բնակության վայր և ներկայացրել ընդհանուր 8677 գրամ քաշով «Ափիոն», 2680 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների փաթեթներ, ենթադրյալ թմրամիջոցի պարունակությամբ չհրկիզվող 1 պահարան, որոնք վարույթի շրջանակում առգրավվել են: Նույն պահին ձերբակալվել են հանցավոր խմբի մյուս անդամներ, օտարազգի քաղաքացիներ՝ Ռ.Շ.-ն և Մ.Ա.-ն, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Օտարազգի քաղաքացիների բնակության հասցեում կատարված խուզարկության ընթացքում, ինչպես նաև չհրկիզվող պահարանի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են նախնական կշռմամբ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 193 մլն 445 հզր ՀՀ դրամ, որը կազմում է մոտ 2 724 000 ԱՄՆ դոլար։

Ձերբակալված անձանցից Ռ.Շ.-ի և Մ.Ք.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու և թմրամիջոցների մաքսանենգության փորձի հատկանիշներով, իսկ Մ.Ա.-ի նկատմամբ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու, թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու և թմրամիջոցների մաքսանենգության փորձի հատկանիշներով։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները ՀՀ-ում ձեռք բերող այլ անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

Leave a comment