Հոգևորականները դարեր շարունակ առաջնորդվել են Սուրբ Գրոց հետևյալ սկզբունքներով. «Տաճարում ծառայողները տաճարից են սնվում» (Պողոս Առաքյալի առաջին թուղթը Կորնթացիներին 9։13-14) և կամ «Մշակն արժանի է իր կերակրին» (Մատթեոսի Ավետարան 10։10). կան նաև Սուրբ Գրոց այլ հրամաններ։
Մենք դարեր շարունակ ունեցել ենք եկեղեցական տուրք, որը կոչվել է տասանորդ, այսինքն՝ հավատացյալն իր եկամտի մեկ տասներորդը նվիրաբերել է եկեղեցուն։ Եկեղեցին այդ եկամտով պահպանել է իր գոյությունը և հոգացել է իր ծառայողների գոյապրուստը։ Տասանորդը հիմա կոչվում է «Ծխական տուրք», որը վճարում են եկեղեցական համայնքի անդամները։
Ես ուսումնասիրել եմ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ կամ ՀԱԵ) կանոնները. ենթադրում եմ՝ նույնն է նաև քրիստոնեական մյուս դավանանքների մոտ։ Ծխական տուրքից (տասանորդից) բացի մեր եկեղեցու եկամտի աղբյուր են հանդիսացել ծեսերի կատարումից գանձվող գումարները (մկրտություն, պսակ, հոգեհանգիստ, տնօրհնեք և այլն), մոմի վաճառքը և խաչհամբույրը։ Ունենք նաև եկեղեցիներ, որոնք տիրապետում են կալվածքների և անշարժ գույքի, որոնք եկամտաբեր են։
Դարեր շարունակ մենք պետականություն չենք ունեցել, որ այս հարցերն օրենքով կարգավորվեն։ Հին ժամանակ չի եղել կյանքի ապահովագրում, սոցիալական ապահովություն, կենսաթոշակ և նման հարցեր. հոգևոր ծառայողները բավարարվել են եկեղեցու օրվա մուտքերով և երաշխավորված ապահովություն չեն ունեցել։
Վերջին կես դարվա ընթացքում Սփյուռքի եկեղեցական բոլոր թեմերում (Էջմիածնական, Անթիլիասական, Պոլսական կամ Երուսաղեմական) հավատացյալների կողմից շարժում է ստեղծվել, որպեսզի եկեղեցու եկամուտները բերվեն քաղաքակիրթ դաշտ, հատկապես կարեւոր է հրաժարվել խաչհամբույրի կամ եկեղեցու ծառաների գրպանը դրամ խոթելու այդ նվաստացուցիչ ձևից: Դրա փոխարեն առաջարկվել է հոգևոր սպասավորներին մնայուն աշխատավարձ տալ` իր սոցիալական բաղադրիչներով։ Այդ գործընթացը հարթ չէր ընթանում. մի կողմից խիստ պահպանողական հոգևորականները դեմ էին, որ եկեղեցական համայնքի անդամները ստուգեն իրենց եկամուտը, իսկ հոգևոր ծառայության ասպարեզը նոր ընտրած անձինք ևս աշխատանքային ժամանակակից պայմաններ էին ցանկանում։
Սփյուռքում այդ հարցը հիմա լուծված է. հոգևորականները համաձայն հյուրընկալ երկրի աշխատանքային օրենսգրքի, կնքում են աշխատանքային պայմանագիր և ստանում են մնայուն աշխատավարձ։ Խաչհամբույրի համար նախատեսված է փակ արկղ (որոշ տեղերում թափանցիկ), որն օրինակ Իրանի թեմերում բացվում է քահանայի և Եկեղեցական Խորհրդի անդամների` թաղականների ներկայությամբ, առկա գումարը գրանցվում է և փոխադրվում է եկեղեցու կամ թեմի բանկային հաշվին։ Փակ արկղի բանալին գտնվում է Եկեղեցական Խորհրդի նախագահի մոտ։ Եկեղեցական ծեսերի կատարման համար սակագին է որոշված, որի վճարման դիմաց անդորրագիր է տրվում։ Հավատացյալները վճարում են նաև Ծխական տուրք և Տնօրհնեքի գումար` որոշ տեղերում նաև բանկային քարտով։ Քահանաներին աշխատավարձից բացի, կատարած ծեսերի հաշվով որոշակի գումար է տրվում։ Այլ թեմերից տեղյակ չեմ, բայց գիտեմ որ Կիլիկիո կաթողիկոսության Նոր֊Ջուղայի թեմի բոլոր քահանաները վանքապատկան տներում են բնակվում։
Արդյո՞ք հնարավոր է այս ամենը իրագործել նաև Հայաստանի Հանրապետության սահմաններում. իմ կարծիքով հնարավոր է և խիստ անհրաժեշտ։ Կասկած չունեմ, որ այստեղ ևս եկեղեցու որոշ սպասավորներ կընդդիմանան. նրանք դեմ կլինեն եկեղեցու դրամական մուտքերի և հատկապես խաչհամբույրի գումարի օրինական դաշտ բերելու պահանջին։
Դժվար գործ է Սուրբ Գրոց հրամանները հարմարեցնել պետական օրենքներին. ժամանակակից կյանքն այդ է պահանջում, և մենք՝ որպես պետություն, պետք է երաշխավորենք հոգևոր սպասավորների սոցիալական ապահովությունը` նրանց և իրենց ընտանիքի անդամների բժշկական և սոցիալական այլ կարիքները, հանգստի կոչվելու պայմանները։
Նույն հոգևորականները, որոնք կարգալույծ լինելուց առաջ վայելում էին իրենց վստահված եկեղեցական ծուխի եկամուտը և իրենց ապագայի մասին չէին մտածում, հիմա հիշել են ՀՀ Աշխատանքային Օրենսգիրքը և իրենց իրավունքներն են պահանջում։ Եկեղեցիների դրամական բազմատեսակ մուտքերը օրինական դաշտ բերելով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ որպես իրավաբանական անձ, հնարավորություն կունենա աշխատանքային պայմանագիր կնքել բոլոր հոգևորականների հետ և պետականորեն պարզել նրանց պարտականությունները և իրավունքները։ Կարծում եմ այս փոփոխությունները բարդ կընթանան նաև եկեղեցական համայնքներում. մեզ պետք է հավատացյալների մի հսկա բանակ, որպեսզի գործուն դեր ունենան եկեղեցիներում և հավանական զեղծարարություններից հեռու, դրամական մուտքերը փոխանցեն թեմերի հաշվին, որպեսզի մեր հոգևորականների համար արժանավայել կյանքի պայմաններ ապահովենք։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: