Ռուսական խոշորագույն «Աէրոֆլոտ» ավիաընկերության մի քանի ինքնաթիռներ ստացել են հայ ժողովրդի երեք ականավոր ներկայացուցիչների՝ Հովհաննես Այվազովսկու, Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի անունները։ Այդ մասին ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
«Գիտեի՞ք արդյոք, որ ռուսական խոշորագույն «Աէրոֆլոտ» ավիաընկերության մի քանի ինքնաթիռներ կրում են հայ ժողովրդի ականավոր զավակների անունները՝ մարդկանց, ում ստեղծագործական հարուստ ժառանգությունը հայտնի է Հայաստանի սահմաններից դուրս:
Հովհաննես (Իվան) Կոնստանտինի Այվազովսկի՝ ռուս նշանավոր ծովանկարիչ, ծնվել է Թեոդոսիայում՝ հայ վաճառականների ընտանիքում: Համաշխարհային ճանաչում ունեցող «Իններորդ ալիք» կտավի և անմահ այլ ծովանկարների հեղինակն է:
Առնո Հարությունի Բաբաջանյան՝ լեգենդար խորհրդային կոմպոզիտոր և դաշնակահար, 20-րդ դարի դասական դարձած երաժշտության հեղինակ: Նրա անունը քաջ հայտնի է ունկնդիրների մի քանի սերունդների:
Արամ Իլյիչ Խաչատուրյան՝ 20-րդ դարի ամենահայտնի հայ կոմպոզիտորներից մեկը, ով աշխարհին նվիրել է «Սուսերով պարը», «Գայանե» և «Սպարտակ» բալետները:
Այսօր այս մեծանուն մարդկանց անունները շարունակում են հնչել բարձր երկնքում՝ որպես Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների մշակութային ամուր կապերի խորհրդանիշ»,-ասվում է գրառման մեջ: