Շուտով iPhone-ների օգտատերերը հնարավորություն կունենան իրենց հաղորդագրություններն ու գրառումները գրել ոչ միայն գրական հայերենով, այլև հայկական տարբեր բարբառներին հատուկ բառերով։
Նախաձեռնության հեղինակ Ալբերտ Հարությունյանը նոր գաղափար է մշակել իր «iBuben Keyboard» հավելվածի համար՝ հայկական բարբառները ներառելով ստեղնաշարում՝ «Բառային կանխատեսումներում»։ Նրա համոզմամբ՝ Հայաստանում գրեթե յուրաքանչյուր մարդ կկարողանա գտնել իրեն հարազատ ու «սրտի» բարբառը։
«Խոսում էի ընկերոջս հետ, պատմում էի իմ գաղափարների մասին։ Նա առաջարկեց «iBuben Keyboard»-ում ավելացնել Լոռվա բարբառը։ Դրանք հատուկ բառեր են, որոնք կարելի է լսել միայն Լոռվա մարզում։ Առաջարկը հավանեցի, ու առաջին բանը, որ անցավ մտքովս, Արցախի բարբառի ինտեգրումն էր։ Պետք է անպայման սկսել Արցախից, հետո անցնել Լոռվա ու Շիրակի բարբառներին»,– MediaHub-ի հետ զրույցում պատմել է Ալբերտ Հարությունյանը։
Ալբերտն Արցախի բարբառի համար օգտվել է Արմեն Սարգսյանի հեղինակային գրքից, որտեղ հավաքագրված են հայկական ամենահին և ամենամեծ բարբառներից մեկին հատուկ բառերն ու արտահայտությունները։ Դրանք շուտով հասանելի կլինեն նաև «iBuben Keyboard»-ի օգտատերերին՝ հեռախոսի «Բառային կանխատեսումներում»։
Ալբերտի խոսքով՝ սա պարզապես ստեղնաշարի հերթական թարմացում չէ․ գաղափարի հիմքում հայկական բարբառների պահպանությունն ու դրանք ժամանակակից թվային միջավայր տեղափոխելու ցանկությունն է։
«Արցախի բարբառն արդեն հասանելի է։ Հաջորդ թարմացումներում պետք է փորձեմ ավելացնել Հայաստանի ամենապոպուլյար բարբառները, բայց դրա համար ինձ անհրաժեշտ են հուսալի թվային աղբյուրներ»,– նշել է նա։
«iBuben Keyboard»-ը հասանելի է App Store-ում, իսկ առաջիկա թարմացումներով հավելվածում հայկական բարբառների թիվը նախատեսվում է ավելացնել։
Գուցե շուտով հաղորդագրություն գրելիս հնարավորություն ունենանք ոչ միայն գրական հայերենով, այլև մեզ հարազատ բարբառով փոխանցել մեր խոսքը՝ այնպես, ինչպես այն հնչում է առօրյայում ու ինչպես կցանկանայինք, որ այն կարդար հաղորդագրությունը ստացողը։
Հունան Թադևոսյան