Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանություն է ծավալվել Հայ Առաքելական Եկեղեցու ու Գարեգին Բ-ի շուրջ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդմանը, որ ԱԺ իշխող ուժի և ընդդիմության միջև կրոնական տարբերություն կա, հայտնել է, որ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է, իր աղջիկները կնքվել են Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ ինքն ամուսնացել է ՀԱԵ-ում։ Պատգամավորը նշել է, որ իր դավանանքի համաձայն՝ Վեհափառը չի կարող խախտած լինել կուսակրոնության երդումը՝ հարց ուղղելով ընդդիմադիրներին, թե նրանց կրոնում Վեհափառը կարո՞ղ է զավակ ունենալ, հայտնում է 1lurer.am-ը:
«Այսինքն՝ եթե դուք Գրիգոր Լուսավորչի օրինակն եք բերում, հաստատում եք, որ Կտրիճ Ներսիսյանը զավակ ունի, և դա ձեզ համար ընդունելի է»,- ասել է պատգամավորը, որից հետո ընդդիմադիրները, ի նշան բողոքի, որ Սոնա Ղազարյանը Գարեգին Բ-ին ավազանի անունով է դիմում, սկսել են հարվածել սեղաններին:
Այնուհետև ելույթ է ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Երբ նա Գարեգին Բ-ին անվանել է Վեհափառ և Ամենայն Հայոց կաթողիկոս, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սկսել են հարվածել սեղաններին, իսկ ընդդիմադիրները՝ ծափահարել։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիրներին հորդորել է այդ եղանակով չընդհատել ելույթ ունեցողներին՝ հակառակ դեպքում նշելով, որ նրանք նույնատիպ արձագանք կստանան:
Խորհրդարանում շարունակվում է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քննարկումը, որի ընթացքում Հայկ Կոնջորյանն անդրադարձել է ընդդիմադիրների նախորդ արձագանքներին:
Դիմելով ընդդիմադիր գործընկերներին, մասնավորապես «Ուժեղ Հայաստանից», նշել է, որ այժմ կարող է մի անուն-ազգանուն ասել, և նրանք իրար խառնվեն:
«Հիմա կարա՞ք չմտածեք այդ անուն-ազգանունի մասին: Այն անուն-ազգանունի մասին, որը չեք ուզում լսեք: Չեք կարա չմտածեք, որովհետև հոգեբանության մեջ շատ հայտնի բան կա, որ ասում է՝ կարաս հենց հիմա չպատկերացնես սպիտակ արջ: Հնարավոր չի՝ մարդը հենց էդ պահին չպատկերացնի սպիտակ արջ: Հիմա կարա՞ք չպատկերացնեք այն անուն-ազգանունը, որից դուք էդքան խառնվում եք: Բոլոր վերնագրերը դրա մասին են: Լրագրողները մի բոլ նյութ ստացան՝ այսօր օթյակից նկարելով ձեր պահվածքը:
Հիմա դուք էդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե վատություն, որ իր ավազանի անունը դարձնում եք ՀՀ մեդիայի գլխավոր օրակարգի վերնագրեր, ընդ որում՝ այս պատմությունը նոր բան չէ: Վստահ եմ, շատերը գիտեն դրա մասին»,- հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել գործը քննելուց։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած նիստն անցել է դռնփակ ռեժիմով, տևել մոտ 30 րոպե: Դատարանի բակում հավաքվածները Գարեգին Բ-ին դիմավորել էին ծափերով և «վեհափառ» վանկարկումներով, երգել Մայր աթոռի պահպանության շարականը, ապա միասին Տերունական աղոթք հնչեցրել։ Դատարանի բակում էին նաև ընդդիմադիր և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Գործը մակագրել է այլ դատավորի: