Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան

Քաղաքականություն

12.08.2026 | 10:32

ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է օգոստոսի լույս 12-ի գիշերը ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման մասին։ Նրա տեղեկացմամբ՝ Նովոռոսիյսկում 8-ամյա երեխա է զոհվել, վիրավորվել է 8 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, փոխանցում է Current time-ը։

Կոնդրատևը հայտնել է, որ անօդաչուի բեկորներն ընկել են չորս ձեռնարկության և 21 բնակելի շենքերի վրա։

Տեմրյուկի շրջանի Վոլնա գյուղում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են մասնավոր տան բակում։ Մեկ մարդ մահացել է։

Անապայում վնասվել է բնակելի շենք, որի հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Գելենջիկում վնասվել են երեք մասնավոր տներ, կա 2 զոհ։

«Крымский ветер»-ը, հղում անելով NASA FIRMS-ի տվյալներին, հաղորդում է, որ հրդեհներ են բռնկվել «Շեսխարիս» նավթային տերմինալի նավահանգստի և Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերի ու սուզանավերի նավամատույցի մոտ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի և Օրյոլի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի ու Սև ծովի վրա խոցել է ուկրաինական 502 անօդաչու թռչող սարք։

 

 

 

Leave a comment