Եթե ցանկանում եք երեխային օգնել խոսելու կամ նոր լեզու սովորելու հարցում, ապա, նոր հետազոտության համաձայն, խոսելիս հնարավորինս հաճախ պահպանեք նրա հետ տեսողական կոնտակտը։
Աչքերի կոնտակտն օգնում է երեխային հասկանալ, թե ինչն է կարևոր՝ հանդես գալով որպես ազդակ, որը, կարծես, սինխրոնիզացնում է երեխայի և նրա հետ զրուցողի ուղեղային ալիքները։ Այս թեմայի շուրջ հետազոտությունը վերջերս հրապարակվել է Nature Communications ամսագրում։
«Որպես ծնողներ՝ մենք պետք է գիտակցենք այնպիսի սոցիալական ազդանշանների կարևորությունը, ինչպիսիք են տեսողական կոնտակտն ու երեխայի անունը կանչելը։ Այս ազդանշանները ոչ միայն կենտրոնացնում են երեխայի ուշադրությունը, այլև ակտիվացնում են նրա սովորելու գործընթացը»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Վիկտորիա Լեոնգը՝ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի հրավիրված դասախոսը։
«Եթե երեխային ինչ-որ բան բացատրելու կամ սովորեցնելու պահին հեռախոսով կամ այլ գործով եք զբաղված, ապա հավանականությունը քիչ է, որ նա այդ գործընթացը լուրջ կընդունի կամ կսովորի, քան այն դեպքում, երբ հեռախոսը մի կողմ դնեք և նայեք նրա աչքերին»,- նշել է Լեոնգը համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ։ «Այդպիսով դուք ցույց եք տալիս ձեր նպատակադրածությունն ու լրջությունը՝ երեխային ազդանշան հղելով, որ ցանկանում եք գրավել նրա ուշադրությունը, որպեսզի նա ինչ-որ բան սովորի»։
Նախորդ հետազոտություններն արդեն ցույց էին տվել, որ երբ նորածինը և մեծահասակը աչքերի կոնտակտ են հաստատում, նրանց ուղեղային ալիքները սինխրոնիզացվում են։ Սակայն պարզ չէր՝ արդյո՞ք դա դեր ուներ երեխայի սովորելու գործընթացում։
Դա պարզելու համար հետազոտողները Սինգապուրում և Մեծ Բրիտանիայում ներգրավել էին 42 նորածնի, որոնց միջին տարիքը 9 ամիս էր։ Երեխաներին առաջարկվել էր լսել երեք տարբեր հորինված լեզուներ։
Յուրաքանչյուր լեզու ներկայացվում էր էկրանին երևացող միևնույն խոսնակի միջոցով, որն ակնոց էր կրում։ Փորձի մի տարբերակում ակնոցները թափանցիկ էին, իսկ երկրորդ և երրորդ տարբերակներում՝ մասամբ մգեցված և մուգ, ինչի պատճառով երեխային դժվար կամ անհնար էր տեսնել խոսող կնոջ աչքերը։
Այնուհետև հետազոտողները երեխաներին ներկայացրել էին հորինված տարբեր լեզուներից առանձին արտահայտություններ, ինչպես նաև հորինված նոր բառեր։
Նրանց ուղեղային ալիքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեխաների ուղեղային ակտիվությունը խոսողի ուղեղային ակտիվության հետ սինխրոնիզացվում էր միայն այն դեպքում, երբ նրանք կարողանում էին ամբողջությամբ տեսնել խոսողի աչքերը։
Ավելին, երեխաների ուղեղային ալիքներն ավելի հաճախ էին սինխրոնիզացվում խոսողի ալիքների հետ այն ժամանակ, երբ նրանք ակտիվորեն սովորում էին հորինված լեզուն։
«Մենք թույլ տվեցինք, որ երեխաները լսեն բոլոր երեք լեզուները, և պարզվեց, որ նրանք ընտրողաբար էին սովորում,- ասել է Լեոնգը։- Նրանք պարզապես պասիվ սպունգներ չեն։ Նրանք լսեցին բոլոր երեք լեզուները, բայց սովորեցին միայն այն լեզուն, որի դեպքում կարողանում էին տեսնել խոսողի աչքերը»։
«Նույնիսկ երբ երեխաները կարծես թե ուշադիր նայում էին էկրանին, եթե աչքերի կոնտակտ չկար, ոչինչ չէր ներթափանցում. տեղեկատվությունը պարզապես անցնում էր նրանց կողքով»,- համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ ասել է հետազոտության համահեղինակ Քայլի Քլաքսոնը՝ Քեմբրիջի համալսարանի հոգեբուժության բաժնի ասիստենտ-հետազոտողը։ «Ուղեղային սինխրոնիզացումը ցույց է տալիս, որ սա ընտրովի գործընթաց է»։
Այս երևույթը դիտարկվել է ինչպես Քեմբրիջում, այնպես էլ Սինգապուրում, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ դա մարդուն բնորոշ համընդհանուր առանձնահատկություն է և պայմանավորված չէ որևէ կոնկրետ մշակույթով։
Այնուամենայնիվ, կան նաև այլ սոցիալական ազդանշաններ, որոնք կարող են երեխային փոխանցել ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։ Դրանցից են ժպիտը, մատնացույց անելը և երեխայի անունը կանչելը։
«Այս ազդանշաններն իսկապես շատ ազդեցիկ են, քանի որ երբ դրանց միջոցով նոր տեղեկությունը փոխանցելուց առաջ երեխային ազդանշան եք տալիս, դուք նրան ասում եք՝ սա կարևոր է, պետք է լսես»,- ասել է Քլաքսոնը։
Աղբյուր՝ Քեմբրիջի համալսարանի մամուլի հաղորդագրություն, 28 հուլիսի, 2026 թ., Nature Communications, 22 հուլիսի, 2026 թ.
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: