Հասարակություն
11.08.2026 | 18:43
Օգոստոսի 3-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Արցախի փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում՝ երկաթգծի մոտ, տղամարդը հարձակվել է իր վրա, մարմնական վնասվածքներ պատճառել, ապա հափշտակել պայուսակն ու դիմել փախուստի։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, Քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզել են ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։
Երևանի 39-ամյա բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, 39-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Բագրատունյաց փողոցում։ Այնուհետև նա տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն և ներկայացվել նախաքննական մարմնին։
Նախաքննությունը շարունակվում է։