«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն Ազգային ժողովում հարց է բարձրացրել, թե որ իրավական ակտով է ՀՀ տարածքը սահմանվել 29․743 քառակուսի կիլոմետր։
«Հայաստանի Հանրապետության տարածքը 29,800 քառակուսի կիլոմետր էր։ 29,743-ը, երբ կլորացնում ես, դառնում է 29,700։ Այսօր լեգիտիմ հարց է առաջանում․ ո՞ւր կորավ ՀՀ ինքնիշխան տարածքի 57 քառակուսի կիլոմետրը»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը:
Պատգամավորն անդրադարձել է նաև ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն դիտարկմանը, որ գոյություն ունեն համապատասխան քարտեզներ։ Խաչատրյանը հակադարձել է՝ քարտեզն ինքնին իրավական փաստաթուղթ չի համարվում։
«Քարտեզը նորմատիվ իրավական ակտ չէ, քարտեզի հիման վրա, այո՛, նորմատիվ իրավական ակտեր մշակվում են, նորմատիվ իրավական ակտերից բխում են քարտեզներ, բայց քարտեզը որպես այդպիսին նորմատիվ իրավական ակտ չէ։ Եվ ուստի լեգիտիմ էր իմ այդ հարցը․ երբ հանկարծ 29,800 քառակուսի կիլոմետրը դարձավ 29,743։ Ո՞րն է այդ իրավական ակտը, լավ, չիմանա՞նք, ե՞րբ է ընդունվել»,- ասել է Խաչատրյանը։
Ազգային ժողովի մայիսի 22-ի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարցրել էր իշխանական խմբակցությանը, թե այժմ ինչքան է ՀՀ ինքնիշխան տարածքը: ԱԺ այն ժամանակվա խոսնակ Ալեն Սիմոնյանը արձագանքել էր՝ ՀՀ ինքնիշխան տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է անկախությունից ի վեր: