«Առնվազն գոնե 2029-ի հունվարից հետո չեմ կարծում, որ ռացիոնալ է պնդել, թե կարելի է բացառել Ադրբեջանի կողմից առնվազն ռազմական շանտաժի կամ ուժի կիրառումը։ Հարյուր տոկոսանոց երաշխիքներ աշխարհում ոչ մեկ չի կարող տալ»,- փաստմանը՝ այն, որ նշում եք՝ մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտ հայ-ադրբեջանական սահմանին էսկալյացիայի վտանգը զրո է, կարելի՞ է մտահոգություն ունենալ, որ չի բացառվում՝ 2029-ից հետո էսկալյացիա լինի, ԱՊՐԻ Արմենիայի նախաձեռնությամբ անցկացված «Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել» խորագրով մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։
Ըստ նրա՝ 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախաստորագրումից հետո էսկալյացիայի վտանգը մոտեցավ զրոյի․ «Այս պահի դրությամբ նույնպես այն գրեթե մոտ է զրոյի, ամենայն հավանականությամբ՝ առնվազն այսպես կլինի մինչև նախագահ Թրամփի գործունեության ավարտը»։
Վերլուծելով օգոստոսյան փաստաթղթերի ազդեցությունը՝ Բենիամին Պողոսյանը դա դիտարկում է աշխարհաքաղաքական, երկկողմ և տնտեսական ոլորտներում․ «Աշխարհաքաղաքական առումով հիմնականը հայ-ադրբեջանական հնարավոր նոր էսկալյացիայի, Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական նոր ագրեսիայի հավանականության էական նվազումն է»։
Բենիամին Պողոսյանը նաև նշեց, թե ադրբեջանական փորձագիտական համայնքի հետ իրենց շփումներում ինչ են բացահայտել ադրբեջանական ընկալումների մասին, մասնավորապես, երբ խոսում են Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ անցման մասին․ «Նրանք ասում էին, որ ադրբեջանցիները պետք է կարողանան Ադրբեջանից Սյունիքի տարածքով անցնել Նախիջևան նույն պայմանով, ինչ մենք Երևանից մեկնում ենք Գյումրի։ Չպետք է լինի անձնագրային, մաքսային ստուգում, նույնիսկ մեքենաների կանգ։ Եթե մենք կարդանք ստորագրված փաստաթղթերը, ապա ակնհայտ է դառնում, որ ԹՐԻՓՓ-ը չի նախատեսում անցում Ադրբեջանի համար այն պայմանով, ինչ մենք Երևանից Գյումրի գնալիս ունենք։ Այն չէ, ինչ ադրբեջանցիների լավագույն ցանկությունն է։ Մեր շփումների ընթացքում երևում է, որ ԹՐԻՓՓ-ը չի բավարարում ադրբեջանցիների լավագույն ցանկությունները հարյուր տոկոսով, ամեն դեպքում ասում են, որ ԹՐԻՓՓ-ն իրենց բավարարում է 60-70 տոկոսով։ Ըստ այդ փաստաթղթերի՝ բեռների ստուգում լինելու է մասնավոր ընկերության կողմից՝ գուցե ոչ հայկական»։
Լրագրողների դիտարկմանը՝ հայկական կողմը հայտարարում է հաստատված խաղաղության մասին, բայց ադրբեջանական կողմից հայտարարություններ են հնչում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, Բենիամին Պողոսյանն այսպես արձագանքեց․ «Որքանով ես եմ հասկանում՝ այս պահի դրությամբ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ հնարավորինս հետաձգի խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Առնվազն վստահ չեմ, որ դա նախապայման է և ոչ ավելի շատ պատրվակ խաղաղության պայմանագիրը չստորագրելու։ Նույնիսկ, եթե ունենանք նոր Սահմանադրություն, որը չի ունենա հղում Անկախության հռչակագրին, ապա ես վստահ չեմ, որ Ադրբեջանը հաջորդ օրը կստորագրի այդ պայմանագիրը և հանդես չի գա նոր պահանջներով։ Նաև Ադրբեջանի նպատակն է ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ օգտագործելով դրա բացակայությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կանխելու համար»։
«Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել» խորագրով մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: