«Հայաստանում քաղաքական հայացքների համար որեւէ մեկը չի ենթարկվում պատասխանատվության»,- ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթեւոսյանի՝ կին գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնելու հարցին։
Ըստ Ջուլհակյանի՝ քաղբանտարկյալը կոնկրետ տերմին է․ «Եվ չեմ կարծում, որ կարող ենք այդ տերմինին նայել ռեզինից ինչ-որ բանի, որ կարող ենք ձգել եւ ասել՝ մենք ունենք 40, 50․․․ Կոնկրետ փաստեր պետք է այստեղ հնչեցնել»։ Ջուլհակյանն ասաց, որ սեռը չի կարող մարդու համար լինել ինդուլգենցիա, օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար։
«Եթե որեւէ մեկը քաղաքական հայացքների համար պատասխանատվության է ենթարկվում, ապա ինչո՞ւ այդ մասին չկա որեւէ միջազգային արձագանք։ Դուք գիտեք, որ միջազգային կառույցները, եթե կա քաղաքականապես մոտիվացված դատավարություն կամ հետապնդում, երբեւէ չեն վարանել այդ մասին բարձրաձայնել իրենց զեկույցներում»,- հարցադրում արեց Արուսյակ Ջուկահյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն ասաց․ «Տիկին Ջուլհակյան, երբ դուք խոսում էիք եւ ուզում էիք, որ որեւէ դեպք մատնանշենք, իմ կողքին նստած պարոն Մամիկոն Ասլանյանն ասաց, որ ինքը՝ որպես նման դեպք, կգա եւ այդ ամբոնին կկանգնի»։
«Հա, եկեք կանգնեք, պարոն Ասլանյան»,- արձագանքեց Ջուլհակյանը։
Մարիաննա Ղահրամանյանը շարունակեց․ «Ասում եք՝ որեւէ միջազգային կազմակերպությունից չկա որեւէ հարցադրում, բայց 2026 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների վեց անկախ փորձագետները ՀՀ իշխանություններին մի շարք հարցադրումներ են հղել «Սրբազան պայքարի» մասնակիցների դեմ հարուցված քրեական գործերի առնչությամբ։ Սա փաստ է, որը չեք կարող հերքել»։
Ղահրամանյանը նաեւ հարցրեց Արուսյակ Ջուլհականին՝ այս իշխանությունը պատրա՞ստ է ԵԽԽՎ 1900 բանաձեւի 5 չափանիշները կիրառել Հայաստանում կալանավորված քաղաքական գործունեություն իրականացնող անձանց եւ ընդդիմախոսների նկատմամբ։ «Եթե ոչ՝ ո՞ր չափանիշն եք մերժում եւ ինչո՞ւ»,- հարցրեց նա։
«Հինգ չափանիշներից եւ ոչ մեկից չենք պատրաստվում հրաժարվել, մանավանդ, որ մեր ձեռքում չէ հրաժարվելը, դա ԵԽԽՎ բանաձեւ է, մենք ԵԽ անդամ պետություն ենք եւ պետք է անդամի պահանջներին բավարարենք»,- ասաց Ջուլհակյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: