««ՍՈւ-30»-ները մեր երկնքում սավառնում էին իրենց սպառազինությամբ, այնպես որ՝ այլեւս չարծարծեք այդ հարցը»

ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը պատասխանեց բանակի ու սպառազինության մասին ընդդիմադիր պատգամավորների ելույթներին։

«Արթուր Խաչատրյանը նշում էր, որ բանակի վրա ծախսերը աճել են, որովհետեւ ոչնչացվածն ենք վերականգնում, եկել ենք զրոյական դիրքի։ Պետք է ասեմ, որ մենք հիմա զրոյական դիրքում չենք, ինքը զրոյական դիրքը համարում էր 2020 թվականի պատերազմից առաջվա իրավիճակը, մենք այսօր շատ ավելի բարձր անվտանգային համակարգ ունենք, շատ ավելի նորագույն սպառազինություն ունենք։ Որեւէ համեմատական չենք կարող տանել 2020 թվականի եւ այսօրվա սպառազինության միջեւ։ Մենք զրոյական վիճակում չենք, պարոն Խաչատրյան, եւ նույնիսկ 2020 թվականի պատերազմից առաջ մենք դժվար թե երազեինք, որ կգա ժամանակը, երբ մենք կարող ենք ունենալ այսպիսի սպառազինության տեսակներ, ռազմարդյունաբերության ձեռքբերումներ, ՆԱՏՕ ստանդարտին համապատասխան զինատեսակներ»,- ասաց նա։

Նա անդրադարձավ նաեւ տարբեր երկրներից զենք գնելու հարցին։ «Ասում եք, որ սպառազինությունները նման են ռազմական գազանանոցի։ Այսինքն՝ տարբեր երկրների արտադրության զինատեսակներ են, եւ դրանք չեն կարող ինտեգրվել, միեւնույն ստանդարտների մեջ չեն կարող լինել։ Բայց պարոն Դավթյանը նշեց, որ Ադրբեջանը բազմաթիվ երկրներից է զենքեր ձեռք բերել, դա ցույց տվեց որպես սպառնալիք։ Հիմա խնդրում եմ թող ձեր կուսակցությունը կողմնորոշվի՝ բազմաշերտ համագործակցությունը եւ զենքերի ձեռքբերումը լա՞վ է, թե՞ վատ։ Բայց ես պետք է ասեմ, որ դա լավ է, այո, մենք զենք ենք ձեռք բերել տարբեր երկրներից՝ տարբեր ստանդարտների, եւ ինտեգրման խնդիր չունենք»,- նշեց Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանը կոչ արեց «ՍՈւ-30» կործանիչների հարցն այլեւս չշահարկել․ «Մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ «ՍՈւ-30»-ները մեր երկնքում սավառնում էին իրենց սպառազինությամբ, իրենց անհրաժեշտ սպառազինությունն առկա է։ Այնպես որ, մեր «ՍՈւ-30»-երի խնդիրը լուծված է, դրանք ամբողջապես ֆունկցիոնալ են, խնդրում եմ՝ այլեւս չարծարծել այդ հարցը»։

Նա անդրադարձավ նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին․ «Պարոն Գեղամ Մանուկյանն ասում էր՝ 25-օրյա հավաքները մահակ են իշխանության ձեռքին։ Պարոն Մանուկյան, ոչ թե մահակ են, այլ տեսել եք, թե ինչքան փոփոխություններ ու բարեփոխումներ ենք արել ծանուցման համակարգերի վերաբերյալ։ Երբ համակարգն սկսում է աշխատել, արդեն դժվար է սողոսկելն ու 25-օրյա վարժական հավաքներին չմասնակցելը։ Կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի պաշտպանության բեռը բաշխվի հավասար։ Եվ դա ոչ թե մահակ է, այլ պաշտպանության բեռի հավասար բաշխում է։ Ովքեր ունեն ՀՀ անձնագիր, նրանք պետք է մասնակցեն մեր երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում Ադրբեջանի հետ սպառազինության հարցում քանակական եւ ծախսային մրցավազքի մեջ մտնել։ Ըստ Խաչատրյանի՝ ամեն ինչ ուսումնասիրվում է, մեր անվտանգային վիճակը գնահատվում է, եւ ըստ այդ գնահատականի՝ կառուցվում է համակարգը։

Անդրադառնալով այն հարցին, որ ոստիկանությունը ծառայում է իշխանությանը, Արմեն Խաչատրյանն ասաց․ «Մեսրոպ Մանուկյանն ասում է՝ բերետները պետք է ծառայեն ժողովրդին, ոչ թե իշխանությանը։ Մեր ոստիկանությունը ծառայում է օրենքին եւ իրականացնում է իր առջեւ դրված խնդիրները։ Ժողովրդի կողմից է ընտրվել այս իշխանությունը, եւ, այո, ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը պետք է պաշտպանվի այնպես, ինչպես ցանկացած անձ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment