Newday.am կայքի լրագրող, խմբագիր Անի Գևորգյանը զրպարտության, պատիվն ու բարի համբավն արատավորելու համար հայց է ներկայացրել ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանի դեմ։ Այսօր այս գործով նախնական դատական նիստ էր նշանակված։
«Անբարոյական է անվանել, հայհոյախառն արտահայտություններով վիրավորել է, ես խոսքի վրա ազդանշան եմ դրել, որ չլսվի, բայց դա ինքը ասել է բազմաթիվ անձանց մոտ, ՊՊԾ ծառայողների մոտ։ Ինքը խոչընդոտել է իմ լրագրողական գործունեությունն ու միջամտել մի խոսակցության, որն իրեն ընդհանրապես չի վերաբերել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանը։
Նա հիշեցրեց, որ նախկին պատգամավորի հետ միջադեպը տեղի է ունեցել Կիրանցում վերակառուցված եկեղեցու բացման ժամանակ՝ մայիսի 2-ին, երբ գնացել էր լուսաբանելու եկեղեցու բացման արարողությունը։
Նա ասաց, որ նախապես չի էլ իմացել, որ Փաշինյանը նույնպես գալու է Կիրանց այդ օրը։ Սևանի ճանապարհին վարչապետի անվտանգության շքախումբը, ոստիկանական բազմաթիվ մեքենաներ տեսնելով՝ հասկացել է, որ Փաշինյանը Կիրանց է գնում։
Իսկ ինչպես է սկսվել նախկին պատգամավորի հետ միջադեպը։ Ըստ Գևորգյանի՝ Կիրանցում դեռ մեքենայից չիջած՝ իրեն է մոտեցել ՊՊԾ աշխատակիցներից մեկը ու աշխատանքի կարգ ու կանոն թելադրել՝ եկեղեցի ներս չմտնել, Փաշինյանին չմոտենալ և նշել, թե ինչ հեռավորության վրա աշխատել։
«Ինձ համար խմբագրի աշխատանք էր տանում, սահմանափակում իմ աշխատանքը։ Հանգիստ բացատրեցի, որ որևէ մեկը չի կարող արգելել, որ այդ իրադարձությունը լուսաբանեմ, կամ որևէ մեկը չի կարող խոչընդոտել իմ ազատ տեղաշարժի իրավունքը։ Այդ ժամանակ ձայն լսեցի, որ ասում էր՝ էս ինչը ինչ գործ ունի այստեղ, տարեք սրան այդտեղից։ Բնականաբար, թեքվեցինք, ասացինք՝ դուք այստեղ ինչ գործ ունեք, ու թեման շարունակվեց, որտեղ ես ասացի՝ ինքը ուրացել է իր որդու շիրիմը։
Ինչու եմ այս անգամ դիմել դատարան, որովհետև սա առաջին միջադեպը չէր Գեղամ Նազարյանի հետ։
Կիրանցում սահմանազատման գործողությունների ժամանակահատվածում Գեղամ Նազարյանն էլի խոսքով հարձակում էր գործել ինձ վրա, երբ դեռ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր էր։ Հարձակվել էր նաև փողոցը փակած բնակիչների վրա, ասում էր՝ ուզո՞ւմ եք Արցախի օրը ընկնի, հորդորում էր փողոցը բացել»։
Անի Գևորգյանի խոսքով՝ Նազարյանը իր դեմ հին հաշվեհարդար ունի, քանի որ հենց ինքն էր բացահայտել, որ Նազարյանը, լինելով ընդդիմադիր պատգամավոր, սերտ համագործակցում է այս իշխանությունների հետ։
«Գեղամ Նազարյանի միջադեպից հետո միտումնավոր շղթայով ինչ-որ անձինք սկսեցին հիշել իմ երեխային, փորձել ներկայացնել ինձ Գեղամ Նազարյանի ներկայացրած լույսի ներքո։ Նա իրապես, շոշափելի առումով վնաս է հասցրել իմ պատվին ու արժանապատվությանը»,- ասաց Գևորգյանը։
Անի Գևորգյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի Նազարյանին իրենից ներողություն խնդրել և բարոյական վնասի համար փոխհատուցել։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: