Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից անկլավի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 15-կետանոց ծրագրի մերժումը «ուղիղ հարված է միջնորդների ջանքերին», և որ նա «դիտավորյալ խոչընդոտում է լարվածության թուլացման ուղին և զգալիորեն սրում մարդասիրական ճգնաժամը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Գրասենյակը հայտարարության մեջ նշել է, որ պաղեստինյան խմբավորումները «ցուցաբերել են ազգային պատասխանատվության բարձր աստիճան» և դրական տրամադրվածությամբ մասնակցել են բանակցություններին՝ «պաղեստինցի ժողովրդի շրջանում հետագա արյունահեղությունը կանխելու և աղետալի մարդասիրական ճգնաժամին վերջ դնելու ցանկությամբ»։
Գազայի կառավարությունը կոչ է արել միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին «ստիպել օկուպացիոն կառավարությանը դադարեցնել իր ցեղասպան պատերազմը և իրականացնել համաձայնեցված պայմանները»։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ մերժել է Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը և չի պատրաստվում դուրս բերել իսրայելական ուժերը, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը լիովին չի զինաթափվել։
Թրամփը հուլիսի 30-ին հայտարարել էր «պատմական» համաձայնության մասին, որը նախատեսում է «Գազայում ՀԱՄԱՍ-ի և մյուս բոլոր զինված խմբավորումների ամբողջական զինաթափում»։ Նա այն անվանել էր «կարևորագույն քայլ դեպի երկարատև խաղաղություն և անվտանգություն»։ Համաձայնագրի ձեռքբերումը վերագրվել է ԱՄՆ-ի գլխավորած Խաղաղության խորհրդին, որը ստեղծվել է 2026 թ․ փետրվարին և ներառում է շուրջ 40 երկիր, այդ թվում՝ Իսրայելն ու մի շարք արաբական պետություններ։ Խորհրդում, սակայն, պաղեստինյան ներկայացուցիչներ չկան։ Թրամփը նշանակված է խորհրդի ցմահ նախագահ։ Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ է նաև Հայաստանը։