Քաղաքականություն
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական ռազմածովային նավատորմի ծովային հետախուզական անօդաչուները գաղտնի կերպով տվյալներ են փոխանցել Չինաստանին։ Արտահոսքերը պատճառ են դարձել տեսախցիկները, որոնցում չինական արտադրության բաղադրիչներ են եղել, պարզել է The Telegraph-ը, փոխանցում է The Insider-ը։
Խոսքը K3 Scout հետախուզական անօդաչուների մասին է։ Թագավորական ծովային հետևակը դրանք օգտագործում է այս տարվա մարտից։ Հստակ չէ, թե երբ է հայտնաբերվել տվյալների արտահոսքը, բայց պարբերականի աղբյուրները պնդում են, որ տեսախցիկների ինտերնետային կապը հետագայում անջատվել է։
Ռազմածովային ուժերի անօդաչուները մատակարարվել են Kraken Technology Group-ի կողմից, որը բրիտանական խոշոր պաշտպանական կապալառու է։ Kraken Technology Group-ը, իր հերթին, տեսախցիկները գնել է երրորդ կողմից, որը երաշխավորել է դրանց անվտանգությունը։ Սակայն ներքին հետաքննությունը պարզել է, որ տեսախցիկներն ազդանշաններ են փոխանցել Չինաստանում գտնվող IP հասցեին։ Ազդանշանները պարունակել են տվյալներ, որոնք հաստատել են դրանց կապը ցանցին և գործունեությունը։
Հայտնի չէ, թե ինչ ծավալի տվյալ է արտահոսել։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ էական արտահոսք չի եղել։
Միաժամանակ, The Telegraph-ի աղբյուրները հայտնել են, որ անօդաչուները գտնվել են հատուկ նշանակության ուժերի բարձրաստիճան աշխատակիցների միջև զգայուն հանդիպումների տեղանքին մոտ, և դրանց տեսախցիկները շարունակել են ակտիվ մնալ նույնիսկ անօդաչուների անջատվելուց հետո։
K3 անօդաչուները, ենթադրաբար, Մեծ Բրիտանիայի կողմից առաջարկված պաշտպանական պայմանագրի մաս են կազմում՝ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու համար։ Պաշտպանության աղբյուրն արտահոսքերն անվանել է «բաղադրիչների ծագման ստուգման լուրջ ձախողում»։