ՊԵԿ-ը խրախուսում է օրինապահ տնտեսվարողներին․ ընկերությունը ստացել է արտաքին տնտեսական գործունեության օրինապահության հավաստագիր
Պետական եկամուտների կոմիտեում «ԱՎ Փարթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնվել է արտաքին տնտեսական գործունեություն (ԱՏԳ) իրականացնող անձի օրինապահության հավաստագիրը։ Ընկերությունը հերթական տնտեսվարողն է, որը ստացել է այս կարգավիճակը և հնարավորություն կունենա օգտվելու մաքսային պարզեցված ընթացակարգերից։
Հավաստագիրը տրամադրվում է ՀՀ կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող, հարկային և մաքսային ժամկետանց պարտավորություններ չունեցող տնտեսվարողներին։ Համակարգը հիմնված է կամավորության սկզբունքի վրա և խրախուսում է տնտեսվարողներին ինքնուրույն բացահայտել ու շտկել սխալները՝ նպաստելով թափանցիկ գործունեությանը, ստվերային տնտեսության կրճատմանը և ապրանքների օրինական տեղաշարժին։ Հավաստագիր ստացած տնտեսվարողների նկատմամբ կիրառվում են մաքսային պարզեցված ընթացակարգեր՝ ավելի մեղմ հսկողություն, արագացված ձևակերպումներ և բեռների զննում, իսկ առանձին դեպքերում՝ նաև ավտոմատ բացթողում։ Արդյունքում կրճատվում են վարչարարական ընթացակարգերը, խնայվում են ժամանակն ու ֆինանսական ռեսուրսները։
Համակարգի նպատակն է խրախուսել բարեխիղճ բիզնեսին, ամրապնդել կամավոր կարգապահությունը և բարձրացնել մաքսային վարչարարության արդյունավետությունը։ Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագիրը տրամադրվում է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի թիվ 797-Ն որոշմամբ սահմանված կարգով։