ՄԻՊ հաստիքները կավելանան 2-ով՝ ԳՐԵԿՈ-ի գնահատականներից հետո
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաստիքների թիվը 98-ից կդառնա 100։
Արդարադատության նախարարության կողմից նախագիծը դրվել է քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
Փոփոխության նպատակն է ապահովել ազդարարների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների արդյունավետ և պատշաճ իրականացումը, ինչպես նաև ամրապնդել աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունները։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին հրապարակվել էր Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հինգերորդ փուլի համապատասխանության զեկույցը, որը գնահատում է Հայաստանի առաջընթացը բարձրագույն գործադիր եւի իրավապահ մարմիններում բարեվարքության խթանման գործում։ Զեկույցի ամենախիստ գնահատականը վերաբերում էր ազդարարների պաշտպանության ոլորտին։ Սա միակ հանձնարարականն է, որը չի կատարվել ։
Ըստ ԳՐԵԿՈ-ի՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին դեռևս չեն հատկացվել բավարար ֆինանսական և կադրային ռեսուրսներ՝ ազդարարների պաշտպանության իր գործառույթն արդյունավետ իրականացնելու համար։
Ըստ նախագծի՝ առաջարկվում է ստեղծել ազդարարների պաշտպանության հարցերով մասնագիտացված ստորաբաժանում, որը բաղկացած կլինի բաժնի պետի եւ գլխավոր մասնագետի հաստիքներից՝ ապահովելու Մարդու իրավունքների պաշտպանի՝ ազդարարների պաշտպանության ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների արդյունավետ և շարունակական իրականացումը։
Ի դեպ, նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվա հունվարի 1-ից։ Իսկ հարթակում նախագիծը քննարկման փուլում կլինի մինչեւ օգոստոսի 22-ը։