«Հանձնարարությունը միայն նիստը նախագահելու կառուցակարգին է վերաբերում»․ Արամ Վարդեւանյանը հակադարձեց Ռուբինյան Ռուբինյանին

«Հանձնարարականները վերաբերում են նիստերին։ Վերաբերում են նիստերի բնականոն ընթացքին։ Իսկ որպես ԱԺ պատգամավոր, նախագահի տեղակալ՝ այդ կարգավիճակում, բնականաբար, հանձնարարարություններ չեն տրվում, միակ օրակարգը հանձնարարության տեսանկյունից, որը պատկերացնում եմ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության որոշումներն են»,-անդրադառնալով այն քննարկումներին, թե արդյոք ԱԺ նախագահի տեղակալը կատարում է ԱԺ նախագահի հանձնարարությունները, թե՝ ոչ, հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ կրկին մեջբերելով ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հատվածը․ «Ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ ԱԺ նախագահի տեղակալները ԱԺ նախագահի հանձնարարությամբ նախագահում են ԱԺ նիստերը, նախագահում են խորհրդի նիստերը, փոխարինում են ԱԺ նախագահին կամ իրականացնում են ԱԺ բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ հանձնարարություններ։ Հետևաբար մենք ԱԺ նախագահի տեղակալներին վերաբերվելու ենք նաև այս համատեքստում։ Եթե առարկություն ունեք կանոնակարգին, հիմա ասեք, քանի՝ ուշ չէ։ Սա նիստերին չի վերաբերում։ Համարեք՝ ես HR-ն եմ հիմա, դուք եկել եք հարցազրույցի։ Հստակ աշխատանքի նկատմամբ հետևյալն է նկարագրությունը։ Նիստի մասին խոսք չկա»։

Արամ Վարդևանյանն էլ պատասխանեց Ռուբեն Ռուբինյանին․ «Ձեր մասնագիտացումն իրավունքի ոլորտում չէ։ Երբ ես ընդգծում եմ, որ նշված դրույթը վերաբերում է նիստը նախագահելու կառուցակարգին, հավատացեք՝ այդ պնդումը կատարում եմ ոչ թե պարզապես երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ հարյուր հազարավոր մեր հայրենակիցների քվեի տեսանկյունից իրացվող սահմանադրական պաշտոնի տեսանկյունից, այլև մասնագիտական գիտելիքի։ Եթե կլինի դրա վերաբերյալ անհամաձայնություն, նշվածի վերաբերյալ կարող է լինել նաև մասնագիտական քննարկում։ Մեր հայրենակիցներն ԱԺ ինստիտուտը ոչ թե պատկերացնում են HR-ի, այլ իսկապես պառլամենտարիզմի համատեքստում»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment