Հնդկաստանը ներդրողների համար հարկային արտոնություններ է հաստատել

Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել պետական պարտատոմսեր ձեռք բերող օտարերկրյա ներդրողների համար հարկային արտոնություններին՝ ամրագրելով միջոցառումներ, որոնք ուղղված են Ասիայի՝ մեծությամբ երրորդ տնտեսություն օտարերկրյա կապիտալի ներգրավմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Ըստ լրատվական գործակալության՝ օրինագիծն ընդունվել է առանց քվեարկության՝ չնայած ընդդիմության բողոքներին։ Փաստաթղթի համաձայն՝ այն փոխարինում է հունիսի 5-ին ընդունված հրամանին, որով օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողներն ազատվում էին պետական արժեթղթերից ստացված տոկոսային եկամտի հարկումից, ինչպես նաև այդ արժեթղթերի վաճառքի, փոխանակման կամ փոխանցման արդյունքում կապիտալի աճից ստացվող եկամտահարկից։

Բացի այդ, Bloomberg-ի փոխանցմամբ՝ օրենքը մեղմացնում է այն կանոնները, որոնց համաձայն՝ Հնդկաստանից կառավարվող օֆշորային ներդրումային հիմնադրամները կարող են հարկային արտոնություններ ստանալ ամբողջ աշխարհում ստացված եկամուտների նկատմամբ։

Ինչպես հայտնում է լրատվական գործակալությունը, փաստաթուղթը նաև նախատեսում է 15-ամյա հարկային արձակուրդ՝ մինչև 2041 թվականի մարտի 31-ին ավարտվող հարկային տարին ներառյալ, այն օտարերկրյա ընկերությունների համար, որոնք կապիտալ սարքավորումներ, արտադրական գծեր և տեխնոլոգիական համալրումներ են մատակարարում հնդկական պայմանագրային էլեկտրոնիկա արտադրողներին, որոնք թողարկում են բջջային հեռախոսներ, նոթբուքեր, պլանշետներ, սերվերներ և շարժական սարքեր։

Bloomberg-ը գրում է, որ այս միջոցառումները վարչապետ Նարենդրա Մոդիի՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման, կապիտալի արտահոսքի կրճատման և ռուփիի փոխարժեքին աջակցելու ավելի լայն ռազմավարության մասն են կազմում։ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմից հետո այս քաղաքականությունը հատկապես արդիական է դարձել, քանի որ կառավարությունը ձգտում է պաշտպանել տնտեսությունը արտաքին ցնցումներից՝ միաժամանակ ամրապնդելով Հնդկաստանի դիրքը՝ որպես Չինաստանին այլընտրանքային արտադրական հարթակ, և ստեղծելով նոր աշխատատեղեր։

Leave a comment