Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Դոնալդ Թրամփի և նրա Խաղաղության խորհրդի՝ Գազայի հատվածի վերաբերյալ ծրագիրը։ Նա հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը որևէ զորք դուրս չի բերի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը ամբողջությամբ չի զինաթափվել։
«Եվ երբ ես ասում եմ, որ ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի, նկատի ունեմ նաև ծանր սպառազինությունը, բոլոր տեսակի զենքերը։ Եվ մենք խոսում ենք իրական զինաթափման, ոչ թե ձևական զինաթափման մասին»,- հայտարարել է Նեթանյահուն օգոստոսի 9-ին՝ նախարարների կաբինետի նիստի սկզբում։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը հայտարարել է, որ խմբավորումը շարունակում է հավատարիմ մնալ Թրամփի Խաղաղության խորհրդի մշակած ճանապարհային քարտեզին։ Նա ԱՄՆ-ին և միջնորդներին կոչ է արել ճնշում գործադրել Նեթանյահուի վրա, հաղորդում է CNN-ը։
Հուլիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր ստեղծած Խաղաղության խորհուրդը հասել է «պատմական համաձայնության», որը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածում գործող «մյուս բոլոր զինված խմբավորումների» «ամբողջական զինաթափում»։
Թրամփի կարծիքով՝ այս համաձայնությունը կարևոր քայլ կլինի այն ուղղությամբ, որպեսզի «Գազան վերջապես կառավարվի պաղեստինյան նոր կառավարության կողմից», իսկ Իսրայելը ստանա «այն անվտանգությունը, որին արժանի է, քանի որ Գազան այլևս չի օգտագործվի որպես ահաբեկչական հարձակումների հենակետ»։
Թրամփի հայտարարությունից հետո ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ղազի Համադը հայտնել է, որ խմբավորման զինաթափումը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե իսրայելական զորքերը լքեն Գազայի հատվածը։
Իր հերթին Reuters-ի՝ ՀԱՄԱՍ-ում ունեցած աղբյուրը հայտարարել է, որ «համաձայնագրի նախագիծը» նախատեսում է, որ ծանր սպառազինությունը պետք է պահվի և գտնվի բացառապես պաղեստինյան վարչակազմի վերահսկողության ներքո և չի կարող փոխանցվել Իսրայելին։
Մայիսին Գազայի հարցերով Խաղաղության խորհրդի բարձրագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը հրապարակել էր «նախագահ Թրամփի՝ Գազայի խաղաղության ծրագրի» իրականացման 15 կետից բաղկացած դրույթները։
Դրանք, մասնավորապես, նախատեսում են «զինված կառույցների տարանջատում կառավարման համակարգից», միջազգային վերահսկողության ներքո փուլային զինաթափում, Իսրայելի պաշտպանության բանակի փուլային դուրսբերում և ամբողջությամբ ապառազմականացված գոտիներում անվտանգության պահպանման պատասխանատվության փոխանցում պաղեստինյան քաղաքացիական կառույցներին։