Դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծաղկեպսակ դրեց Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանին

Ռուսաստանում փետրվարի 10-ին տոնում են դիվանագետի օրը։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այսօր ծաղկեպսակներ դրեց ռուս դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանին։

«Այսօր մենք նշում ենք դիվանագետի օրը եւ ավանդույթի համաձայն ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել՝ իրականացնելու Ռուսաստանի, Խորհրդային Միության, Հայաստանի արտաքին  քաղաքականությունը։ Այցելել ենք Խորհրդային Հայաստանի եւ Ռուսաստանի՝ հայկական ծագումով դիվանագետների շիրիմներին։

Դիվանագիտությունը այն բազմաթիվ տարրերից մեկն է, որը կապում է մեր ժողովուրդներին։ Հայերի ներդրումը Ռուսական կայսրության, Խորհրդային Միության, ժամանակակից Ռուսաստանի պետականաշինության մեջ շատ մեծ է։ Եվ մեր դիվանագիտական ծառայության գործունեությունը  շարունակում է մնալ արդիական։

Իհարկե, մենք չէինք կարող չայցելել մեր ականավոր դիվանագետ, դրամատուրգ, կոմպոզիտոր Ալեքսանդր Սերգեյեվիչ Գրիբոյեդովի հուշարձանին, որն առանձնակի դերակատարություն է ունեցել ռուս եւ հայ ժողովուրդների հարաբերություններում։ Նրա դերակատարությունը հայ ժողովրդի պատմության մեջ կարեւոր է ու բոլորս դա գիտենք։ Իհարկե, մենք պետք է դա հիշենք, որովհետեւ հիշողությունը շատ կարեւոր տարր է, որը այսօր էլ գոյություն ունեցող բազմաբովանդակ, սերտ հարաբերություններին զուգահեռ միավորում է մեր ժողովուրդներին։ Եվ ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն մնալ սերտ ու ամուր։ Ես հույս ունեմ, որ այս լավ ու բարի ավանդույթը կշարունակեն նրանք, ովքեր կփոխարինեն մեզ այստեղ, Երեւանում մեր դեսպանատանը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment