Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով

Հասարակություն

09.08.2026 | 13:13

Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ և կան վիրավորներ։ Հայտնում ենք, որ կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հրազենային վնասվածքով որևէ անձ չկա։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ վիճաբանություն է։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մի քանի անձ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները պարզվում են։

Leave a comment