Վեհափառի գործի համար կարող են «յուրային» դատավորներին արձակուրդից հետ կանչել. Փաստինֆո

Բաժանորդագրվել

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քրեական գործեր քննող դատավորների հիմնական մասն այս պահին արձակուրդում է։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ քրեական գործը կարող է մակագրվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներից մեկին՝ Սերժ Ռուշանյանին կամ Արման Բաբախանյանին։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»` հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական առաջին նիստին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քրեական գործեր քննող դատավորների հիմնական մասն այս պահին արձակուրդում է, ինչի պատճառով գործի մակագրման համար փաստացի երկու դատավոր է հասանելի։

ԶԼՄ–ն նկատել է, որ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված դատավորների արձակուրդների ժամանակացույցում Արմավիրի մարզի դատավորների վերաբերյալ տվյալներ չկան։

«Չի բացառվում, որ կփորձեն յուրային դատավորներին արձակուրդից հետ կանչել՝ մակագրելու գործը»,– գրել է լրատվամիջոցը։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Նույն «գործով» անցնում են նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոսը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոսը, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոսը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոսը և Նաթան արքեպիսկոպոսը։

Leave a comment