Ֆրանսիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում և վավերացում
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Վաշինգտոնում ձեռք բերված՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված խաղաղ պայմանավորվածությունների օրվա կապակցությամբ»։
Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ 2026 թվականի օգոստոսի 8-ին լրանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պատմական համաձայնության ձեռքբերման մեկ տարին։
«Անցած տարվա ընթացքում երկու երկրների իշխանությունները կարևոր և համարձակ քայլեր են ձեռնարկել՝ իրենց ժողովուրդների համար խաղաղությունը շոշափելի իրականություն դարձնելու ուղղությամբ»,– ասվում է հայտարարության մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ գործընթացը կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ և վավերացմամբ, սահմանների բացմամբ և տարածաշրջանային կապերի զարգացմամբ։
«Դա հնարավորություն կտա Հարավային Կովկասը կրկին վերածել համապարփակ համագործակցության գոտու և Եվրոպան Ասիային կապող օղակի»,– նշվում է հայտարարության մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Ֆրանսիան եվրոպական գործընկերների հետ միասին շարունակելու է ակտիվորեն նպաստել Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովմանը։
«Դա կիրականացվի երկու երկրների նկատմամբ լիակատար հարգանքի պայմաններում»,– ասվում է հայտարարության մեջ։