ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) հյուրընկալվել է աշխարհահռչակ ամերիկահայ տնտեսագետ, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա նշել է, որ Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան:
«Դարոնին ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից։ Մեր առաջին շփումից արդեն հասկացա, որ գործ ունեմ առաքինի գիտնականի և պատասխանատու մանկավարժի հետ։ 2013 թվականին Դարոնն արդեն համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական էր, իսկ ես՝ Ամերիկյան համալսարանի սովորական ուսանող։
Այդ ժամանակ որոշեցի, որ մակրոէկոնոմիկայի դասընթացի հանձնարարություններից մեկը պետք է քննարկեմ հենց նրա հետ և, գրեթե չակնկալելով պատասխան, նամակ գրեցի նրան։ Ի զարմանս ինձ՝ բազմազբաղ գիտնականը, որն արդեն այդ տարիներին աշխարհի ուշադրության կենտրոնում էր, ոչ միայն պատասխանեց, այլև մեծ պատասխանատվությամբ շարունակեց նամակագրությունը՝ խորհուրդներ տալով մի ուսանողի, որին անձամբ նույնիսկ չէր ճանաչում։
Այսօր MIT-ում Դարոնի հետ ջերմությամբ հիշեցինք այդ պատմությունը։ Քննարկեցինք Հայաստանի վերջին տարիների զարգացումները, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորված օրակարգը, ինչպես նաև Դարոնի մյուս շաբաթ լույս տեսնող What Happened to Liberal Democracy? գիրքը»,- ասվում է գրառման մեջ:
Փաշինյանը դեռևս 2018 թվականին հայտարարել էր, որ Աճեմօղլուին հրավիրել է օգնելու երկրի տնտեսական վերականգնման և զարգացման գործում, սակայն տնտեսագետը Հայաստան չի ժամանել։
2026-ի հունիսին, պատասխանելով չկայացած այցի մասին հարցին, նա ասել է․ «Ամեն ինչ բավականին բարդ է, ուստի եկեք անցնենք հաջորդ հարցին»: