Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռում ժամերգության ավարտից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ իր ու վեց բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհիմն և հանիրավի որակելով, հայտնում է «Ազատությունը»:
«Վերադարձանք անհիմն և հանիրավիր մեղադրանքով նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ երկու արքեպիսկոպոսի և չորս եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից: Մենք լի ենք հավատով ու վճռականությամբ՝ պաշտպանելու մեր արդար իրավունքները: Մեր ապավինությունն Աստված է և ծառայությունը բարեպաշտ աշխարհասփյուռ մեր ժողովրդի ու հարազատ երկրի համար է: Աննկուն պիտի լինենք, և միասնական, համառ ջանքեր պիտի ներդնենք, որ դադարեն հանիրավությունները մեր երկրում, խտրականությունն ու անհանդուրժողականությունը, տարածում չգտնեն ատելության խոսույթները»,-ասել է նա:
Կաթողիկոսը հավելել է, որ հայ հոգևորականները շարունակելու են իրենց առաքելությունը՝ չնայած բոլոր դժվարություններին և արգելքներին։
Օգոստոսի 7-ին Արմավիրի առաջին ատյանի դատարանում կայացել է այս գործով առաջին դատական իստը, որը մեկնարկից կարճ ժամանակ անց ընդհատվել է. դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած նիստն անցել է դռնփակ ռեժիմով, տևել մոտ 30 րոպե: Դատարանի բակում հավաքվածները Գարեգին Բ-ին դիմավորել էին ծափերով և «վեհափառ» վանկարկումներով, երգել Մայր աթոռի պահպանության շարականը, ապա միասին Տերունական աղոթք հնչեցրել։ Դատարանի բակում էին նաև ընդդիմադիր և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները: