Հասարակություն
07.08.2026 | 19:30
Լոռու մարզի Օձուն գյուղում ազգային երգն ու երաժշտությունը միավորել էին հարյուրավոր երեխաների․ անցկացվել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային 6-րդ ներառական փառատոնը։ Երաժիշտներ, այժմ կլինիկական հոգեբաններ Աննա և Անահիտ Մխիթարյանները 2019թ-ին Խարբերդի մասանգիտացված մանկատանը սեփական նախաձեռնությամբ որպես կամավորներ ստեղծել են «Ճախրուկ»- մշակութային կենտրոնը և մինչ օրս մանկատան սաներին ուսուցանում են ազգային փողային և հարվածային գործիքներ, ազգային, հոգևոր, աշուղական, օրորոցային երգ-երաժշտություն։ Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնն այս տարի ևս մեկ անգամ ապացուցեց, որ արվեստը սահմաններ ու հնարավորություններ չի ճանաչում։
Փառատոնի ժամանակ կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված էին մասնակից հաստատությունների երեխաների ձեռագործ աշխատանքները։ Միջոցառումը մեկնարկել է երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսով, որին հաջորդել են ազգային, հոգևոր և ժողովրդական երգերի ու պարերի կատարումներ։ Բեմում հանդես են եկել Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի սաները՝ կատարելով կոմիտասյան, օրորոցային և ժողովրդական երգեր։
Խարբերդի մասնագիտացված մանկատունը գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ։ Նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ ներառական հասարակություն ձևավորելու տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունեն հենց նման նախաձեռնություններն։
Այս տարվա փառատոնին մասնակից խմբերը ելույթ են ունեցել Երևանի պետական կամերային երգչախմբի և «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի երաժիշտների հետ։ Հյուրերի թվում էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և այլ պաշտոնյաներ։
Ճախրուկների հետ ելույթ են ունեցել նաև ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, «Վանակն» ավանդական պարի խումբը։ Այս անգամ փառատոնին մասնակիցներ են եղել նաև Ղազախստանից և Մարոկկոյից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան