Պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկի պաշտոնավարումը՝ կասեցվել

Օրերս ձերբակալված Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ ընտրվել են կալանք, վարչական հսկողություն, պաշտոնավարման կասեցում և այլընտրանքային խափանման միջոցներ։ Այդ մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, տեղեկացնում է Factor.am-ը:

Factor TV-ի տեղեկություններով՝ ՆԳՆ Պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանի նկատմամբ՝ վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը, իսկ մյուս երկու ձերբակալվածների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ օգոստոսի 4-ին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները մուտք են գործել Էկոպարեկային ծառայություն և ձերբակալել Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանին, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանին, ինչպես նաև ՆԳՆ Պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալված պաշտոնատար անձինք, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, ուղղորդել են ձկնորսներին՝ կազմակերպելու Կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի ապօրինի որսը։

Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերին։ Թեև գերատեսչությունը չէր հրապարակել ձերբակալվածների ինքնությունը, սակայն տեղեկացրել էր, որ վարույթի շրջանակում ձերբակալվել է չորս անձ։

Leave a comment