Կաթողիկոսի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել․ Նիստը տևել է 30 րոպե (PAN.am)

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանն ինքաբացարկ է հայտնել և հրաժարվել գործը քննելուց։ Այդ մասին դատարանի բակում տեղեկացրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած նիստն անցել է դռնփակ ռեժիմով, տևել մոտ 30 րոպե, հայտնում է Sputnik Արմենիան:

«Դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննել։ Նա եղել է նաև փաստաբան, իր արտոնագիրը ես եմ հանձնել։ Իմ անձնական կարծիքով՝ դա բացարկի հիմք չէր։ Բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։ Ես ողջունում եմ դատավորի այս քայլն այն տեսակետից, որ նա, ըստ էության, հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,- ասել է Զոհրաբյանը։

Նիստի սկզբում դատավոր Մանուկյանը հայտարարել է, որ տվյալ պահին անհրաժեշտ է հրապարակել մասնավոր կյանքին, այդ թվում՝ անձամբ իրեն վերաբերող հանգամանքներ, ինչի պատճառով գործի քննությունը շարունակվել է դռնփակ ձևաչափով, հայտնում է Factor.am-ը:

Դատավարության կողմերից բացի՝ նիստերի դահլիճում ներկա մյուս հոգևորականներին, քաղաքական գործիչներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրել են դուրս գալ։ Դրանից հետո քննությունը շարունակվել է դռնփակ։

Փետրվարի 14-ին հայտնի է դարձել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և վեց եպիսկոպոսների՝ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին և Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀԱԵ Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։ Հոգևորականների նկատմամբ սահմանվել է ՀՀ տարածքը լքելու արգելք։

Մասնավորապես՝ Սարոյանը դատարանում վիճարկել է իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը։ Նա միաժամանակ միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ խնդրելով մինչև վերջնական դատական ակտի կայացումը վերականգնել իրեն թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը։

Հոգևորականը, սակայն, պաշտոնում չի վերականգնվել և հետագայում կարգալույծ է հռչակվել։ Գարեգին Բ-ի որոշմամբ թեմի առաջնորդ է նշանակվել մեկ այլ հոգևորական։ Գործով առաջադրված մեղադրանքը կառուցվել է հենց այս միջադեպի շուրջ։

Leave a comment