«Այն, ինչ այսօր տեղի ունենալու Վաղարշապատում, հավասարազոր է Խորեն վեհափառին խեղդամահ անելուն»

«Վեցերորդ օրն է՝ այս Ազգային ժողովը գործում է ոչ լեգիտիմ, որովհետեւ ԱԺ պատգամավոր քաղբանտարկյալ Արթուր Սարգսյանը զրկված է խորհրդարանի աշխատանքներին մասնակցելուց»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Մեկ շաբաթ է՝ կարծես հավատաքննություն է այստեղ գնում, երկու խմբակցություններին սիստեմատիկ հարց են տալիս՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը որքա՞ն է։ Այս վեց օր է՝ ասում են՝ քարտեզը ո՞րն է, քարտեզը ո՞րն է։ Ամեն անգամ, երբ լսում եմ՝ Հայաստանի սուվերեն տարածքը որքա՞ն է, քանի՞ հազար քկմ է եւ հարցը, թե այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջ ունե՞ք, հետ եմ գնում 15-20 տարվա իմ անցած կյանքը։ Այդ տարիներին տարբեր առիթներ են եղել, երբ Հայաստան են ժամանել թուրք լրագրողները եւ հատկապես դաշնակցականների հետ հարցազրույցներում հարցնում էին՝ դուք տարածքային պահանջ ունե՞ք Թուրքիայի նկատմամբ։ Բայց երբեք հարց չեն տվել Արարատի մասին, միայն տարածքային պահանջ։ Դեռ 1998 թվականին ադրբեջանցի լրագրողների մեծ խումբ եկել էր Դաշնակցության գրասենյակ, բազմաթիվ հարցրեր տվեցին, բայց չեղավ գեթ մեկ ադրբեջանցի, որ համարեր, թե մենք ու Հայաստանը տարածքային պահանջ ունենք Ադրբեջանի նկատմամբ, որովհետեւ իրենց համար էլ էր հասկանալի, որ Արցախն Ադրբեջանի դեմ տարածքային պահանջ չէ, ինքնորոշման հարց է, Արցախի ինքնորոշման հարցն է»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Նա ասաց, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ոչ թե 30 տարվա է, այլ ավելի երկար պատմություն ունի։ Նա պատմական փաստեր ներկայացրեց այդ մասին։

«Մի օր դասագիրք է գրվելու՝ եզակի իշխանություն եզակի երկրում, որը քննարկման հիմնական հարցը դարձրել է հայրենիքի եւ պետության սահմանների ճշգրտման հարցը։ Որեւէ ֆրանսիացու կամ գերմանացու մտքով չի անցել, չի անցնում, որեւէ ճապոնացու մտքով չի անցնում գծել իր հայրենիքի սահմանները պետական սահմանների մեջ։ Նույն Թուրքիայի քաղաքական խոսույթում Միջին Ասիայի այդ ամբողջ տափաստանները հայրենիք են իրենց համար»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ այս իշխանության քարոզչության մաս է քարտեզն ամեն տեղ ցուցադրելը։ «Որպես ՀՀ քաղաքացի՝ շատ վատ եմ զգում։ Իրանի առաջնորդի հուղարկավորությանը իմ երկիրը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը՝ այդ քարտեզը վրան։ Պարսիկ պաշտոնյաներն այդ պահին ի՞նչ էին մտածում, լավ, ի՞նչ էր ապացուցում»,- ասաց Մանուկյանը։

Անդրադառնալով Վեհափառի դեմ դատավարությանը՝ Գեղամ Մանուկյանը ասաց, որ 1920-ական թվականներին բոլշեւիկները փորձեցին Հայ Առաքելական եկեղեցին «վերջացնել»։ ««Ազատ եկեղեցու» շարժում սկսեցին, լրիվ մոտավորապես այն, ինչ այս տարիներին Հայաստանում է։ Պարտվեցին, երկրորդ քայլը եկավ, սկսեցին ձերբակալել եպիսկոպոսներին, դա էլ չհաջողվեց, հասան վերջին կետին՝ Մայր Աթոռում խեղդամահ արեցին Խորեն վեհափառին։ Այն, ինչ այսօր տեղի ունենալու Վաղարշապատում, հավասարազոր է 1938-ին խեղդամահ անելուն»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment