Վենսն այցելել է Ծիծեռնակաբերդ. ի՞նչ է գրել Ցեղասպանության զոհերի թանգարանի հուշամատյանում

Բաժանորդագրվել

Ջեյմս Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ջեյմս Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Կորուսյալ կյանքերի նկատմամբ խորը հարգանքով մենք մեծարում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին աշխատեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի համար»,–հուշամատյանում գրել է Վենսը։

Հավելենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։

Leave a comment