Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ՝ ուղղված ծանրաբեռնվածության օպտիմալացմանը, աշխատանքային ռեսուրսների ճիշտ բաշխմանը և քննչական գործընթացների արտադրողականության էական բարձրացմանը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:


Մասնավորապես՝ Քննչական կոմիտեի կազմում ձևավորվել է Երկրորդ կայազորային քննչական բաժինը, իսկ Միջազգային հարցումների ապահովման բաժինը վերակազմավորվել է Միջազգային համագործակցության վարչության:


Այսպիսով, Երկրորդ կայազորային քննչական բաժնի ստեղծումը պայմանավորված է Քննչական կոմիտեի կազմում գոյություն ունեցող կայազորային քննչական ստորաբաժանումների աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև զինվորական հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների՝ ողջամիտ ժամկետում և պատշաճ քննության անհրաժեշտությամբ: 


Երկրորդ կայազորային քննչական բաժինը տեղակայվելու է Արարատի մարզի Վեդի քաղաքում:


Անդրադառնալով Միջազգային համագործակցության վարչության վերակազմավորման անհրաժեշտությանը՝ հարկ է նշել, որ անդրազգային հանցագործությունների աճով պայմանավորված՝ վերջին շրջանում ավելացել էր միջազգային իրավական օգնության հարցումների և գործընկեր պետությունների հետ համատեղ աշխատանքի ծավալը, ինչի հետևանքով նախկին բաժնի հաստիքային և կառուցվածքային սահմանափակումները հանգեցնում էին գերծանրաբեռնվածության: 


Արդյունքում, վարչության վերակազմավորմամբ հնարավորություն է ընձեռվում հստակորեն տարանջատելու գործառույթները, ապահովելու միջազգային հարցումների մշակման առավել բարձր արտադրողականություն և օպերատիվություն: Փոփոխությունն ուղղված է արտերկրի գործընկերների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը:


 

Leave a comment