«Հրապարակի» զրուցակիցը ռեժիսոր Հովհաննես Գալստյանն է:
– Նախորդ ամիս հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես էին եկել հայտարարությամբ` ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի, եւ իրենց վրդովմունքն ու անհանգստությունն էին հայտնել Ծառուկյանի դեմ մեկնարկած աննախադեպ եւ անարդար ճնշումների վերաբերյալ: Շատ խայտաբղետ կազմ էր ստորագրել հայտարարության տակ` տարբեր հայացքների ու խառնվածքի տեր մարդիկ: Տեղեկություններ կան, որ հիմնականում մշակութային գործիչներից բաղկացած այդ կազմը որոշել է ֆորմատն ընդլայնել եւ այլ առարկայական հարցերի նույնպես անդրադառնալ՝ դրանով մտավորականների ձայնն առավել լսելի դարձնելով: Դուք եւս այդ կազմում եք, որքան տեղյակ եմ` նախաձեռնողների թվում եք եղել: Ունե՞ք նման տեղեկություն, թե ինչ նոր ֆորմատի մասին է խոսքը:
– Եթե նման բան լինի, ես միայն ուրախ կլինեմ: Ես ինքս եմ առաջարկել, որպեսզի այդ պրոցեսն ավելի ակտիվանա, ի վերջո, այդ հայտարարությունը հենց այնպես ձեւական բնույթ չէր կրում, Գագիկ Ծառուկյանին աջակցելու մասին հայտարարությունը մի օրվա համար չէր: Անձամբ ես խորապես անհանգիստ եմ նրա համար: Այն, ինչ տեղի է ունենում, խիստ մտահոգիչ է: Մեզ մոտ
«մտավորական» բառն արդեն ասոցացվում է ոչինչ չանելու եւ անտարբեր լինելու հետ, սակայն այդ ցանկում որոշները բավականին ակտիվ մարդիկ են, ես էլ ինձ, ցավոք, համարում եմ ակտիվ քաղաքացիական գործունեություն ծավալող մարդ: Ինչու ցավոք, որովհետեւ դա ինձ խանգարում է, իմ ժամանակը խլում է, ես շատ կուզեի, որ ամեն ինչ լավ լիներ, եւ ես իմ գործով` կինոյով զբաղվեի, բայց չեմ կարող ուղղակի լռել կամ էլ հայտարարության տակ ստորագրել եւ քաշվել մի կողմ: Անկեղծ ասած, ես չունեմ նման տեղեկություն, սակայն եթե իրապես որոշ մշակութային գործիչներ ակտիվանան, դա միայն օգտակար կլինի: Պետք է հանրային ճնշում գործադրել իշխանության նկատմամբ: Այսօրվա իշխանությունն այլ լեզու չի հասկանում:
– Բայց, ի՞նչ եք կարծում, մշակութային գործիչները կարո՞ղ են համախմբվել այլ ասպեկտներում: Ծառուկյանի դեմ իրականացվող անարդարությունների շուրջ կարող են միասնական դիրքորոշում հայտնել, նրա իրավունքների խախտումների, սեփականությունը խլելու դեմ ատահայտվել, բայց ի՞նչ կարող են անել առհասարակ` եթե ֆորմատն ընդլայնվի:
– Հայաստանում բեւեռացվածությունն այսօր թիվ մեկ խնդիրն է: Մարդիկ իրար չեն վստահում, ավելին` թշնամաբար են վերաբերվում, վերջին ութ տարիներին մենք սկսել ենք բոլորս իրար ատել, եւ, այո, այդ ստորագրությունները բացառապես Գագիկ Ծառուկյանի ազատության համար էին, որովհետեւ նա շատ ջերմ մարդ է: Ով գոնե մեկ անգամ նրա հետ շփվել է, գիտի, թե նա որքան լավ մարդ է: Ծառուկյանի դեմ այլանդակությունը միավորեց մեզ՝ բոլորիս, սակայն վստահ չեմ, որ այլ հարցերում էլ կարող ենք միավորվել, թեպետ կաթողիկոսի դեմ արշավի պարագայում էլ լինելու է նույն համախմբվածությունը` մշակութային գործիչների պարագայում:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: