ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

07.08.2026 | 10:51

Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ բացահայտել է «Առինջ մոլ»-ում շուրջ 1,3 մլրդ դրամի հարկման օբյեկտի թաքցման դեպք։ Ըստ ՊԵԿ-ի՝ դրա հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 492 մլն դրամի հարկ, ինչի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Այսպես, վարչության 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզում առևտրի կենտրոնի գործունեությամբ զբաղվող ընկերությունն առևտրի իրականացման վայրում գտնվող պահեստային տարածքները տրամադրում է վարձակալության, որոնցից գոյացած հասույթները չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Նույն տվյալների համաձայն առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերի վարձավճարներից բացի յուրաքանչյուր ամիս կանխիկ եղանակով գանձում է նաև հավելյալ գումարներ, որոնք չեն փաստաթղթավորվում օրենսդրությամբ սահմանված կարգով և չեն ներառվում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։

Վարչության աշխատակիցները ձեռնարկել են համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են:Հետազոտվել են առևտրի կենտրոնի ներքին հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա տեղեկատվությունը, միաժամանակ օպերատիվ հարցման են ենթարկվել առևտրի կենտրոնում գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, որոնք հայտնել են արժեքավոր տեղեկություններ։ Ձեռք բերված ամբողջ տեղեկությունները մանրամասն վերլուծվել և ուսումնասիրվել են, այնուհետև տվյալները համադրվել են առևտրի կենտրոնի կողմից հարկային մարմին ներկայացրած համապատասխան հարկային հաշվարկներում ներառված տվյալների հետ: Պարզվել է, որ ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,3 մլրդ դրամի հարկման օբյեկտ։ Արդյունքում չի հաշվարկվել և չի վճարվել շուրջ 492 միլիոն ՀՀ դրամի հարկեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ընկերությունում իրականացվող միջոցառումների ընթացքում հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության աշխատակիցները օպերատիվ հսկողության տակ են պահել նաև առևտրի կենտրոնում գործող խանութների ընթացիկ գործունեությունը և ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ օրերին խանութների ընդհանուր ֆիսկալ շրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համադրելի օրերի համեմատ կտրուկ ավելացել է շուրջ 110 տոկոսով։

Պետական եկամուտների կոմիտեն առևտրի կենտրոններին և դրանցում գործող հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու և հարկվող օբյեկտները թերհայտարարագրելու արատավոր վարքագծից։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու նման արատավոր երևույթները կանխելու և դրանց կազմակերպիչներին բացահայտելու հարցում»,- ասվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment