Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանների հետ կապված տարիներ շարունակ բարձրաձայնվող խնդիրները դեռևս համակարգային լուծում չեն ստացել։
Պաշտպանի գրասենյակի մշտադիտարկումների և ստացված բողոքների համաձայն՝ ազատությունից զրկված անձինք հաճախ երկար ժամանակ պահվում են գիշերելու և հանգստի համար ոչ համապատասխան խցերում, չեն ապահովվում պատշաճ սննդով, մշտական դեղորայքով և անհրաժեշտ կենցաղային պայմաններով։ Բացի այդ, դատարանների խցերում հանձնուքների ընդունման միասնական կարգի բացակայությունը ևս գործնական խնդիրներ է ստեղծում։
ՄԻՊ-ը նշում է, որ օրենսդրական բացերի պատճառով հստակ սահմանված չէ, թե որ պետական մարմինն է պատասխանատու դատարանների խցերում պահվող անձանց պատշաճ պայմանների, սննդի, բուժօգնության, անվտանգության և իրավաբանական խորհրդատվության ապահովման համար։
Պաշտպանը կոչ է արել հնարավորինս արագ օրենսդրորեն կարգավորել ոլորտը և ապահովել համակարգային լուծումներ՝ ազատությունից զրկված անձանց հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանությունը երաշխավորելու նպատակով։