Հետաքննություն սկսելուց առաջ ամեն մարդ նախ ինքն իրեն պետք է հետաքննի. Մարիաննա Հակոբյան

Օրերս Newmag Winterfest-ի շրջանակում կայացել է լրագրող, հեռուստամեկնաբան Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխել» գրքի շնորհանդեսը: Այն հոգեբանական թրիլլեր է՝ դետեկտիվ տարրերով, որը ընթերցողին տեղափոխում է 90-ականների իրականություն։ 1999-ին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի է ունենում մի դեպք, որը 2 տասնամյակ անց պետք է դառնար քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Ի՞նչ է կատարվել իրականում, երբ հայտնի պատգամավորը, նախարարն ու սկսնակ լրագրողուհին առանձնացել են բնակարանում։ Ահա թե ինչ հարցեր են արծարծված նորատիպ գրքում:

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով գրքի առանձնահատկությունների մասին՝ Մարիաննան նշում է. «Գիրքն առանձնահատուկ է նախեւառաջ նրանով, որ դետեկտիվ-թրիլլեր է: Դետեկտիվը ամենաինտելեկտուալ ժանրերից է`միտքը լարող, ընթերցողին խաղի մեջ ներքաշող, որտեղ ենթադրվում է, որ պետք է սրվի հոտառությունը, արթնանա դիտողականությունը: Դետեկտիվը պատրվակ է խոսելու գաղտնիքներից: Իմ մեջ տարիներով խտացված, ինձ ցնցած շատ պատմություններ ընտրեցին գրքի կերպարանք, ոչ թե թաքնվելու, այլ խոսելու համար: Ամենաաշխարհատես գրող Կոստան Զարյանն ասում էր` խոսքերը ստեղծված են մտքերը թաքցնելու համար: Ով միայն խոսք է հասկանում, ոչինչ չի հասկանում: Գիրքս պատմում է մի կնոջ ողբերգության մասին, կին, որ ուզում էր ունենալ ավելին, երեւալ այն, ինչ չկա, թվալ, եւ ստանալ սրտի ուզածը անազնիվ ճանապարհով: «Ճշմարտությունը» բարձրաձայնելուց առաջ պետք է առերեսվել ճշմարտությանն ու հասկանալ նրա բարդ բնույթը` որքանով ազնիվ կլինի այն բոլոր կողմերի հանդեպ»:

Թե որն է գրքի ուղերձը, հեղինակն այսպես է արձագանքում. «Դու գտնելու ես այնտեղ, որտեղ չես փնտրում, և դա լինելու է այն, ինչ դու չէիր փնտրում: Անակնալներով լի կյանք, որ սիրում է ստեղծագործել աբսուրդ ժանրում»: Իսկ եղե՞լ են դրվագներ, որոնք դժվար են գրվել, մի քանի անգամ փոփոխել են: «Այո, բռնաբարության դրվագը անընդհատ պտտվել է գլխումս: Ես առաջնորդվել եմ «rule of the cool» սկզբունքով` եթե էսթետիկ է, ուրեմն տեղին է: Եթե գեղարվեստականորեն արդարացված է, ուրեմն կարելի է»,- նշեց Մարիաննա Հակոբյանը:

Հարցին՝ իր կարծիքով ինչ խնդիր պետք է լուծի այսօրվա գրողը TikTok-ի սերնդին գրականություն ու հատկապես տպագիր գիրք բերելու համար, մեր զրուցակիցը հետեւյալ կերպ պատասխանեց. «Նախեւառաջ չպետք է քննադատի, պետք է փորձի հասկանալ ու ընկերանալ: Խոսի պարզ ու հավասարը հավասարի հետ`առանց հպարտության ու մերժողական դիրքերից: Հետաքրքիր պատմությունները չեն ճանաչում տարիք ու նախասիրություն: Լատինական արտահայտություն կա. «Esse est percipi»` լինել, նշանակում է ընկալվել: Բոլոր ժամանակներում կանգնել նույն խնդրի առջեւ ինչպես լինել ընկալելի`չլինելով շաբլոն`չտրվելով խորտակող հոսքերին: Երիտասարդներն էլ փնտրում են ընկալելի լինելու ճանապարհներ, ես կուզեի, որ դա անեին որակյալ: Իսկ այդ ճանապարհին ամենաչպարտադրող խորհրդատուները գրքերն են»:

Մեր զրույցի ընթացքում այլ թեմաների էլ անդրադարձ եղավ. «Ֆիզիկական բռնությունը շեշտադրվում է գրքումս, բայց հոգեբանական բռնությունը պակաս վտանգավոր չէ, եթե ոչ ավելի: Մեր կարծրատիպային հասարակության մեջ կինն է շարունակում մնալ «մեղավորը»: «Ով էր խնդրում գնալ հանդիպման, բաց էր հագնված, տոն է տվել…»: Կանայք հաճախ հարմարվում եմ զոհի կերպարին`արդարացնելով, թե «էդ ա իրականությունը: Հայաստանում ենք»: Ես հավատում եմ, որ զոհն է ձգում հանցագործին: Զոհերը բողոքում են ամեն ինչից, բացի սեփական խելքից: Պատասխանատվություն չվերցնելն ավելի հեշտ է, հարմար է և դրա համար էլ նախընտրում են զոհ լինել: Պետք է կարդալ հատկապես գեղարվեստական գրքեր, որովհետև դրանք սովորեցնում են կողքից նայել մարդկանց, հետազոտել նրանց խոսքն ու վարքը և իրական կյանքում ավելի բազմակողմանի նայել բոլոր հարցերին: 6 -ը հակառակ կողմից 9 է: Համակողմանի մտածողությունը թեթև ապրելու կարճ ճանապարհն է: Խորքային մտածող մարդիկ հաճախ են խորհում ով եմ ես-ի, տեղից եմ եկել և ուր եմ գնում հարցերի շուրջ: Կարծում եմ` այս հարցերի մեջ մարդ երբեք իրեն չի գտնի, չծեծված հարցերի մեջ պետք է փնտրի: Հետաքննություն սկսելուց առաջ ամեն մարդ, լրագրող նախ ինքն իրեն պետք է հետաքննի: Ինքնաճանաչում` հետո մնացածը: Գիրքս անդրադառնում է այս բոլոր հարցերին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment