«Բաքվի դատավարությունները մեկ բանի մասին են․ մեր հայրենակիցներն այնտեղ են, որովհետև հայ են, իսկ լուռ բանակցելն այդ հարցով ինչ-որ արդյունք տվե՞լ է, չի երկարո՞ւմ այդ գործընթացը»․ Արամ Վարդևանյան

«Խաղաղությունը և խաղաղության օրակարգը չի ենթադրում պատանդների առկայություն։ Նման պայմաններով խաղաղության մասին խոսակցությունը ազնվության և անկեղծության լրջագույն դեֆիցիտ ունի։ Դա պետք է գնահատել, ռազմավարական իմաստով, երբ որևէ բանակցության մեջ ես մտնում, պետք է իրերն օբյեկտիվ գնահատես։ Նման իրավիճակ ունենք նույնիսկ 2025-ին նախաստորագրված փաստաթղթի պայմաններում։ Անհանգստացնող չէ՞։ Չեմ կարծում, որ մեր հայրենակիցները պատկերացնում են, որ Բաքվում գտնվող մեր անմեղ հայրենակիցների հանգամանքը պետք է բարձրաձայներ Դոնալդ Թրամփը և դրա վերաբերյալ ուղիղ դիրքորոշում չլսեինք ՀՀ իշխանությունից։ Եթե դա տակտիկական բացառիկ հնարք է եղել, քավ լիցի»,-«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի հարցի առիթով հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանը։

Սյուզաննա Ավետիսյանը փաստեց՝ մենք ՀՀ-ում ունենք մարդասիրական ճգնաժամ ու հարցրեց․ «Մեր քաղաքացիները փաստացի առերեսվում են դրան, ավելի ցավալի է, որ մեր քաղաքացիները առերեսվում են դրան ՀՀ-ին սպառնալիք հանդիսացող Ադրբեջանում։ Առնվազն 19 հայրենակիցներ դատվում են Բաքվի բանտերում, նրանց դատավարությունների ժամանակ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ուղղված մեղադրանքները հիմնականում ՀՀ-ի դեմ ուղղված մեղադրանքներ են։ Վտանգ կա՞, որ Բաքվում պահվող մեր 19 հայրենակիցների դեմ դատավարությունները մի օր կարող է օգտագործվել ուղիղ ՀՀ-ի դեմ և ինչպե՞ս եք վերաբերվում այս գործընթացի նկատմամբ ՀՀ ԱԳՆ-ի լռությանը»։

Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Բաքվի դատավարությունները մեկ բանի մասին են։ Մեր հայրենակիցներն այնտեղ են, որովհետև հայ են։ Մոտեցումը եղել է, որ դրա մասին լուռ լինել, լուռ բանակցել այդ հարցով։ Ինչ-որ արդյունք տվե՞լ է։ Բայց չի՞ երկարո՞ւմ այդ գործընթացը»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment