Քաղաքականություն
06.08.2026 | 22:30
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դատարան կանչելու հարցին՝ այն գնահատելով անընդունելի և դատապարտելի։
Արամ Ա-ն նշել է, որ ինքը և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մշտական կապի մեջ են և պարբերաբար խորհրդակցում են հայրենիքին ու հայ ժողովրդին հուզող հարցերի շուրջ։ Նրա խոսքով՝ ինքը Գարեգին Բ-ին հայտնել է իր խոր մտահոգությունն ու նույնիսկ առաջարկել անձամբ չներկայանալ դատարան՝ փոխարենը ուղարկելով ներկայացուցիչ։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նաև կոչ է արել պետական պատասխանատուներին հարգալից վերաբերմունք ցուցաբերել Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ։
Նա ընդգծել է, որ նման հարցերը պետք է քննարկվեն փոխադարձ ըմբռնման և պատշաճության մթնոլորտում՝ միաժամանակ հարգելով պետության օրենքներն ու եկեղեցու ներքին կարգն ու կանոնը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը: