ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Պետությունը պարտավոր է ապահովել իրավունքի գերակայությունը, սակայն չի կարող օրենքը վերածել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ քաղաքական վերահսկողություն հաստատելու գործիքի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» կուսակցությունը՝ անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստին։
«Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելը սահմանադրական սկզբունք է, որը պարտադրում է պետական իշխանությանը հարգել նրա ներքին, կանոնական և ինստիտուցիոնալ ինքնավարությունը։ Քաղաքական իշխանության նման միջամտությունը ոտնահարում է ոչ միայն հոգևորականների, այլև քաղաքացիների և կրոնական համայնքների՝ խղճի, կրոնի ու դավանանքի ազատության հիմնարար իրավունքը»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ վեհափառի և բարձրաստիճան մյուս հոգևորականների նկատմամբ քրեական դատավարության մեկնարկը իշխանություն-եկեղեցի հարաբերությունները տեղափոխում է վտանգավոր և անթույլատրելի սահմանագիծ։