«9 միլիարդը, ԱԹՍ-ների, խաղաղության հարցերը մի կողմ, կարևոր էր՝ Ավինյանը, Ալենը ճիշտ արեցի՞ն, լավ էլի, սա լո՞ւրջ է»․ Ալեն Սիմոնյան

«ՀՀ անվտանգության մակարդակի ընդհանուր բարձրացումը և խաղաղության օրակարգի առաջ մղումը, որը մեկ-երկու տարվա համար չէ, այլ տասնամյակների և հարյուրամյակների»,- լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վանսի՝ ՀՀ այցի մասին՝  այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հարցին՝ գերիների վերադարձի հետ կապված հարցը բարձրացրե՞լ են, Ալեն Սիմոնյանն  այսպես պատասխանեց․ «Մեր մարտավարությունը չենք փոխել, մշտապես խոսում ենք գերիների, անհետ կորածների ճակատագրի մասին։ Շատ դրական եմ գնահատում այն աշխատաոճը, որը երկուստեք որդեգրել ենք Ադրբեջանի հետ։ Այս ճանապարհով, որ շարունակենք առաջ ընթանալ, մեր երկու երկրները ոչ մի խնդիր չեն ունենա»։

Լրագրողների փաստմանը՝ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Վենսի երեկվա հայտարարությունը կառավարության թարգմանչի կողմից սխալ է թարգմանվել և դիտարկմանը՝ սոցցանցերում կան քննարկումներ, որ ԱՄՆ փոխնախագահը չի խոսել 9 միլիարդ դոլարի ներդրման մասին, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Բոլոր էն դեպքերում, երբ խոսքը մեր երկրի անվտանգության հետ կապված հարցերի մասին է՝ լինի մեծ ներդրում, աշխատանքային գործընթաց, զինվորական գործողություն, հիմնվեք պետական ԶԼՄ-ների և հայտարարությունների վրա»։

Այն, որ քննադատվել է իր՝ որպես ԱԺ նախագահի՝ ԱՄՆ փոխնախագահին՝ գործադիր իշխանության ներկայացուցչին դիմավորելը, Ալեն Սիմոնյանն այսպես մեկնաբանեց․ «ԱՄՆ փոխնախագահը նաև Սենատի ղեկավարն է, բա ո՞վ պետք է դիմավորեր։ Մատվիենկոն ՌԴ սենատի ղեկավարն է, Վենսը միևնույն ժամանակ ԱՄՆ սենատի ղեկավարն է։ Ինը միլիարդի, անօդաչու թռչող սարքերի հարցեր, խաղաղություն այս կարևոր հարցերը մի կողմ, կարևոր էր, թե Ավինյանը, Ալենը ճիշտ արեցի՞ն։ Լավ էլի, լո՞ւրջ եք համարում սա»։

Լրագրողները խնդրեցին պարզաբանել՝ արդյոք Վենսի հետ համաձայնությո՞ւն է ձեռք բերվել, որ նա չհանդիպի Վեհափառին, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Վստահ եմ, որ նման խոսակցություն չի եղել։ Գիտեմ, որ մի քանի ժամից պետք է գնամ օդանավակայան նրան ճանապարհելու»։ Լրագրողների դիտարկմանը՝ բայց ինչպե՞ս է, որ կրոնական կառույցի առաջնորդին չի այցելել, Ալեն Սիմոնյանը վրդովվեց․ «Մենք կրոնապետություն ե՞նք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment