Ռուսաստանը զգալիորեն ընդլայնել է Գերմանիային ուղղված առցանց ապատեղեկատվության արշավը՝ նախքան սեպտեմբերին նախատեսված Սաքսոնիա-Անհալթ երկրամասի ընտրությունները։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով գերմանական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին։
Պարբերականի տվյալներով՝ ազդեցության գործողությունն այժմ ուղղված է նաև ԱՄՆ-ի անգլախոս սոցիալական ցանցերի այն օգտատերերին, որոնք կիսում են MAGA շարժման գաղափարները։ Ըստ գերմանական պաշտոնյաների՝ նպատակն է կեղծ տեղեկատվական նարատիվների տարածումն ուժեղացնել միջազգային հարթակներում, մինչև դրանք վերադառնան Գերմանիայի տեղեկատվական դաշտ։
Աղբյուրի համաձայն՝ արշավը «Մատրոշկա» անվանումը կրող ազդեցության գործողության նոր փուլն է, որի շրջանակում ռուսական պետական կառույցները տարածում են պրոֆեսիոնալ կերպով պատրաստված կեղծ տեսանյութեր՝ դրանք ներկայացնելով որպես հեղինակավոր լրատվամիջոցների, այդ թվում՝ ARD-ի և BBC-ի հրապարակումներ։
Financial Times-ի փոխանցմամբ՝ հունիսից ի վեր հայտնաբերվել է ավելի քան 100 նման կեղծ տեսանյութ, որոնցում գերմանացի առաջատար քաղաքական գործիչները մեղադրվում են կոռուպցիայի, սեռական բռնության, մանկապղծության, հակասեմիտիզմի, նեպոտիզմի և այլ իրավախախտումների մեջ։
Գերմանական անվտանգության ծառայությունների գնահատմամբ՝ արշավի կազմակերպիչները փորձում են ոչ թե անմիջականորեն ազդել գերմանական լսարանի վրա, այլ դրդել X սոցիալական ցանցի անգլախոս պահպանողական ինֆլուենսերներին և MAGA շարժման կողմնակիցներին ակամայից տարածել կեղծ պատմություններ։ Այդ կերպ ապատեղեկատվական նյութերը նախ ձեռք են բերում լայն տարածում, որից հետո կարող են հայտնվել քաղաքական գործիչների հայտարարություններում կամ գերմանական լրատվամիջոցների լուսաբանման դաշտում։